Բացել լրահոսը Փակել լրահոսը
155866709_1793665167462682_1228622703894485500_o
A A
Պաշտոնական

Ապագա բժշկուհին պատերազմում սովորեց գնահատել կյանքի ամեն րոպեն

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ԵՊԲՀ շատ ուսանողներ եղել են բժշկական կենտրոններում՝ բուժօգնություն ցուցաբերելով վիրավորված զինծառայողներին: Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի էնդոկրինոլոգիա մասնագիտության 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Քնարիկ Բադեյանը ևս նրանց շարքերում էր:

«Սեպտեմբերի 28-ից եղել եմ Վարդենիսի կայազորային հոսպիտալում: Սկզբում, իհարկե, իրապես գիտակցում էի, թե ուր եմ գնում և ինչի համար, բայց առաջին րոպեները չափազանց ցավոտ ու շոկային էին՝ ողողված տարաբնույթ զգացումներով... Ընկերներս հաճախ էին նկատում, որ հոսպիտալ մտնելուց ամենադժվար օրերին էլ ժպտում էի, կարծում էի դա էլ է պայքարելու ինչ-որ միջոց»,-պատերազմական օրերն է վերհիշում ապագա էնդոկրինոլոգը:

Քնարիկի խոսքով՝ պատերազմը շատ բան է փոխել բոլորի կյանքում, սովորեցրել է լինել ավելի ուժեղ, գնահատել կյանքի ամեն րոպեն, իսկ բժիշկներին մասնագիտական մեծ փորձ է տվել, ինչպես նաև շատ ընկերներ:

«Ամեն օր մտածում էինք, թե պատերազմի վերջին օրն է լինելու, բայց ցավոք, գնալով սպառվում էինք, սակայն տեսնելով մեր տղաների անկոտրում կամքը, պայքարը, աննկարագրելի մեծ ուժը և մարտական ոգին հասկանում էինք, որ իրավունք չունենք մեկ վայրկյան անգամ թուլանալու, ուղղակի իրավունք չունեինք...»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը:
Նրա գնահատմամբ՝ շատ մեծ տարբերություն կա խաղաղ պայմաններում և պատերազմական իրավիճակում բժշկի կատարած աշխատանքի մեջ.

«Սակայն մեկ ընդհանրություն կա` ամեն ինչ անել վիրավորին փրկելու համար, պատերազմում, ցավոք, հաճախ՝ կյանքի գնով: Մենք ունենք մեր կողքին այդ հերոսներին, որոնք երբեք չեն բարձրաձայնում այդ ամեն մասին: Ես անչափ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրանցից շատերին և անչափ հպարտանում նրանցով: Նրանք լավագույն օրինակն են մեզ համար»:

Բժիշկ դառնալը Քնարիկ Բադեյանի մանկության երազանքն էր: «Կյանքիս ամենակարևոր ու առանցքային որոշումներից մեկն էր, քանի որ բժշկությունն ինձ համար միայն մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ: Բժշկի համար ամենակարևոր հատկանիշն առաջին հերթին մարդ լինելն է, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմը»,-ասում է Քնարիկը՝ ցանկանալով, որ այլևս երբեք պատերազմ չլինի»: