Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Մայր Տաճարում

Այս տարի լրանում է Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը: Այդ առիթով փետրվարի 28-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ հավարտ Ս. Պատարագի Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինահայոց Միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, քահանայից դասը, հավատացյալներ:

Այս առիթով հրապարակվեց Սրբազան Հոր խոսքը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձություններին, շեշտում հատկապես Սփյուռքի կարևոր դերակատարությունն ու ներգրավվածությունը համահայկական գործընթացներում՝ մասնավորապես նշելով. ,,Հայ ժողովուրդը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը և կանգնած լինելով քաղաքակրթության ձևավորման ակունքներում, անցել է բազմաթիվ փորձությունների միջով, տեսել ավերածություններ ու արյունահեղություն, պայքարել է ու նահատակվել՝ կերտելով պատմության փառավոր էջեր:

Պատմության կերտման այդ ճանապարհին տարբեր ազգեր ու կայսրություններ վտանգի տակ են դրել հայության և հայոց պետականության գոյության իրողությունը, բայց այսօր այդ կայսրությունները վերացել են քարտեզի վրայից, իսկ հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել: Այս օրերին, երբ թերթում ենք Մեր պատմության մռայլ էջերը, ապա տեսնում ենք, որ 1988թ. փետրվարի վերջին, արհեստականորեն ստեղծված Ադրբեջան կոչվող պետությունն իր բարբարոս հրոսակներով դարձյալ փորձեց լռեցնել ու ճնշել հային: Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդը, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը, ցնցեց, բայց համապատասխան գնահատանքի չարժանացավ: Սումգայիթում հայերի զանգվածային կոտորածների միջոցով փորձեցին վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից, բայց չհաջողեցին: Արցախ աշխարհը ազատագրվեց բարբարոսների լծից:

Սակայն պետական մակարդակով հայատյաց քաղաքականությունը և քարոզչությունը շարունակվեց ու շարունակվում է մինչ օրս: Սումգայիթում ադրբեջանցիների անմարդկային դաժանություններն ըստ արժանվույն չդատապարտվեցին, ինչի արդյունքում հաջորդեցին  2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, կացնահարումը քնած ժամանակ Ռամիլ Սաֆարովի կողմից, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմի և 2020թ. 44-օրյա պատերազմի դեպքերը, երբ ադրբեջանցի հրոսակները, ներխուժելով սահմանամեձ հայկական գյուղեր, անմարդկայնորեն կտտանքների էին ենթարկում տեղի բնակչությանը կամ գլխատում ու սպանում էին հայ ռազմագերիներին:

Թեև 44-օրյա պատերազմի հետևանքով Մեր պատմական Հայրենիքի անբաժանելի մաս կազմող Արցախ աշխարհում տարածքային կորուստներ ունեցանք, հազարավոր զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, թշնամու կողմից կատարվեցին բարբարոսություններ ու ռազմական հանցագործություններ, դարձյալ փորձեցին ծնկի բերել հայ ժողովրդին և վախեցնել, բայց չհաջողեցին: Քանզի Մենք չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել պատմական արդարության ու տարածքների, Մեր հարյուրավոր վանքերի ու եկեղեցիների, բոլոր սրբությունների պահպանման ու վերադարձի համար: Թեև ճակատամարտում պարտվեցինք, բայց պատերազմում հաղթանակն անկասկած Մերն է լինելու: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը շատ անգամ միգուցե փոքր ճակատամարտերում տանուլ է տվել, բայց պատերազմում մշտապես հաղթել է, որի վառ ապացույցը այսօրվա Մեր գոյության փաստն է աշխարհի քարտեզի վրա:

Այսօր փորձ է արվում ճնշում գործադրել մասնավորապես Սփյուռքի վրա և Մեր օրակարգից դուրս մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման, Սումգայիթի կամ Բաքվի ջարդերի միջազգայնորեն դատապարտման հարցերը: Սակայն Մենք չպետք է սադրանքների տրվենք, պետք է շատ արագ ուղղենք մեր ողնաշարը և մեր առաջնային խնդիրները պետք է լինեն շարունակել հայության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների մասին բարձրաձայնել միջազգային ատյաններում: Վերջին պատերազմը ապացուցեց մեկ անգամ ևս, որ կողք-կողքի հաշտ ու հեմարաշխ ապրելու ադրբեջանական իշխանությունների լոզունգը զուտ դատարկ քարոզչություն է և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու միջոց: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կարթնանա վերջին իրադարձություններից հետո և ըստ արժանվույն, համարժեք գնահատական կտա Սումգայիթյան արյունոտ ջարդերին՝ դատապարտելով այդ վայրագությունների հեղինակներին:

Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների հիշատակի առջև և աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը,,:

Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակ զետեղվեց եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան