Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորրորդ «հակամարտությունը» Երեւանում

Սպորտ


Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2010-11 թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երեւանի «Բանանցն» իր հարկի տակ կհյուրընկալի Ֆամագուստայի «Անորտոսիսին»: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Կիպրոսում կայացած առաջին խաղն ավարտվել էր դաշտի տերերի վստահ հաղթանակով` 3:0:

Երեկ երկու թիմերն իրենց վերջին մարզումներն անցկացրին հանդիպումից առաջ.
«Բանանցը» իր մարզադպրոցում, իսկ «Անորտոսիսը»` «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ եւ կայանալու է խաղը:

Կիպրոսի թիմը Երեւան է ժամանել 7 լրագրողների եւ մոտ 20 երկրպագուների ուղեկցությամբ: Նրանք թիմի հետ նույնպես այցելեցին «Հանրապետական». առաջինները ցանկանում էին պարզել, թե որտեղից եւ ինչ պայմաններում են լուսաբանելու խաղը, իսկ երկրորդները արդեն փորձարկում էին խաղի ժամանակ իրենց ֆուտբոլիստներին աջակցելու տարբերակները: Մասնավորապես, նրանք ամրացրեցին իրենց հետ բերած մեծ պաստառը եւ սկսեցին երգել: Մի մասն ուրախանալով այն բանից, որ թիմի հետ գտնվում են Երեւանում, փորձեցին ստուգել անգամ լրագրողների համար պատրաստված սեղանների ամրությունը` այն վերածելով նստատեղիի:

Ինչ վերաբերում է «Անորտոսիսի» ֆուտբոլիստներին, ապա նրանք առանձին խմբերով ներկայացան մարզմանը: «Բանանցի» մրցակիցը, որի նոր գլխավոր մարզիչն է արգենտինացի Գիլերմո Խոյոսը, հիմնականում համալրված է արտասահմանցի ֆուտբոլիստներից: Թիմը նոր մրցաշրջանից առաջ ձեռք է բերել 4 նոր խաղացողների, դարպասապահներ Մարկոս Արգուելյոյին (Արգենտինա, տեղափոխվել է «Օրիխուելայից») եւ Մատուշ Կոզակին (Սլովակիա, «Սպարտա» Պրահա), պաշտպան Մարկո Վիդովիչին (Սերբիա, «Բուդոչնոստ»), հարձակվող Անդրեաս Պապաթանասիույին (Կիպրոս, ԱՊՈԵԼ):

Հարկ է նշել, որ «Անորտոսիսի» կազմում հանդես են գալիս մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստներ. մասնավորապես հույն կիսապաշտպան Ջիանիս Սկոպելիտիսը ժամանակին հանդես է եկել Անգլիայում, աֆրիկացի հարձակվող Կաֆուն` Պորտուգալիայում եւ Գերմանիայում, իսկ Յանակիս Օկասը` Հունաստանի առաջատար թիմերում եւ Իսպանիայում:

Հավելենք, որ կիպրոսյան ակումբը չորրորդ անգամ է դառնում հայկական թիմերի մրցակիցը եվրոգավաթներում: Խորհրդային տարիներին Երեւանի «Արարատը» պարզապես ջախջախել էր «Անորտոսիսին» (9:0, 1:1), իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում կիպրոսցի ֆուտբոլիստները երկու խաղերի արդյունքներով հաղթել էին Գյումրիի «Շիրակին» (4:0, 2:2) եւ Երեւանի «Փյունիկին» (1:0, 2:0):