Բացել լրահոսը Փակել լրահոսը
155410137_2382845555195513_6843387079520727550_n
A A
Պաշտոնական

ՔԿ-ն՝ Լոռու մարզի Շահումյան գյուղի 5 բնակչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակիչն իր վարած «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով ընկերների հետ գնացել է համագյուղացու տան բակ՝ պահանջելու վերջինիս եղբոր կողմից պարտք եղած գումարը: Դժգոհ մնալով նրա պատասխանից՝ 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել եղբայրների հասցեին, որի ընթացքում գարեջրի շշով դիտավորությամբ հարվածել է համագյուղացու գլխին: Այնուհետև իջնելով մեքենայից, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ընկերների հետ՝ շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել համագյուղացու և նրա տան անդամներին՝ միաժամանակ բարձր հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Այդ ընթացքում Շահումյան գյուղի բնակիչը, ընկերների հետ պարտապանի եղբորն առևանգելու շուրջ այդ պահին ձևավորված նախնական համաձայնությամբ, հրահանգել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը, որի ժամանակ վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռնել է նրա գլխից և պարանոցից, իսկ ընկերները բռնել են նրա մարմնի տարբեր մասերից և նրա կամքին հակառակ բացահայտ իրենց տան բակից առևանգելու նպատակով փորձել են գցել ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն տղամարդու ընտանիքի անդամների միջամտության արդյունքում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցվել, որից հետո նրանք հեռացել են վերոնշյալ,ավտոմեքենայով։

Կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Շահումյան գյուղի բնակիչը «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է փողոցից դեպի վերոնշյալ տան բակում գտնվող համագյուղացու, նրա հորեղբոր և մյուս եղբոր ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով համագյուղացուն ու նրա հորեղբորը, ովքեր ստացած հարվածից ընկել են գետնին։ 35-ամյա տղամարդը, շարունակելով պարտապանի եղբորը կյանքից զրկելու իր մտադրությունը, ավտոմեքենան վարելով առաջ, դիտավորությամբ ձախ անիվով բարձրացել է նրա աջ ոտնաթաթի վրա և մեքենան կայանել նշված դիրքում՝ զրկելով նրան մեքենայի տակից դուրս գալու հնարավորությունից և փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այնուհետև իջնելով մեքենայից, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ 35-ամյա տղամարդն ու ընկերները հայհոյանքներ են հնչեցրել, սակայն լսելով, որ տղամարդու հարազատները ահազանգել են ոստիկանություն, նշված մեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ փետրվարի 12-ին որոշում է կայացվել՝ Շահումյան գյուղի 35-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրե¬ա¬կան օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրե¬ա¬կան օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նրա 4 ընկերներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քանի որ վերջիններս թաքն¬վել են քննութ¬յու¬նից, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

2021թ. փետրվարի 24-ին՝ ժամը 09:45-ին, վերջիններս ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին: Փետրվարի 26-ին հետախուզման մեջ գտնված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը նրանց մասնակցությամբ կրկին քննարկելու և այն ուժի մեջ թողնելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է կայացվել և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այն բավարարվել է, քանի որ դատարանը եզրահանգել է, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը՝ մասնավորապես մեղադրյալները մնալով ազատության մեջ կարող են խոչ¬ընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավա-րությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: