Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Երբեմնի թութունի վաճառատունն դարձել է գրախանութ, որտեղ պատահական գրքեր չեն վաճառվում (տեսանյութ)

Երևանցիներից շատերն են այսօր նոստալգիկ հիշողություններով կիսվում սոցցանցերում, հիշում իրենց մանկության ու երիտասարդ տարիների միջավայրը, փորձում գտնել վայրեր, որոնց ժամանակը խնայել է։ 

Նման մի բացառիկ վայր է Մաշտոցի 45 հասցեում գտնվող  գրախանութը, որն իր ոճային ինտերիերով առանձնանացել է բացման օրից և այս առանձնահատկությունը պահպանել մեր օրերում։

Յուրատիպ, նրբաճաշակ, արևլյան, կամ ինչպես ոմանք բնորոշում են պսեվդոմավրիտանական ոճով ձևավորած գրախանութն ի սկզբանե եղել է թութունի վաճառատուն և գործել է Աբովյան փողոցում:

Երբ անցյալ դարի քառասուն թվին կառուցվել է Մաշտոցի, այն ժամանակ Ստալինի անունը կրող պողոտայի այս շենքը, թութունի վաճառատունը նույնությամբ տեղափոխել են, իսկ 60-ականների վերջում վաճառատունը դարձել է նոտաների խանութ։ Խորհրդային Միության փլուզումից հետո գրախանութը սեփականաշնորհվել է ու գործում է արդեն որպես «Լույս» բուկինիստական գրախանութ, իսկ սեփականատերը, գրավաճառ Կարեն Գասպարյանի խոսքով, որոշել է ինտերյերը խնամքով պահպանել։ 

Փայտի գրադարակների ու պահարանների հեղինակը հայտնի փայտամշակող-կահույքագործ Հովհաննես Նաղաշյանն է, ով դեռ անցյալ դարասկզբին Թիֆլիսում սովորել է փայտի քանդակազարդման արհեստն ու Երևանում հիմնել կահույքի արտադրության արհեստանոց, դասավանդել պոլիտեխնիկական ինստիտուտում և արհեստագործական տեխնիկումում։ Նաղաշյանի նախագծով և ղեկավարությամբ արտադրվել է հայկական ճարտարապետական ոճով կահույք Ազգային գրադարանի և պիոներների պալատի համար, Մատենադարանի դռներն ու մուտքի դռան զարդանախշերը։ 

«Փայտի գծով հրաշալի վարպետ Նաղաշյանն իր արվեստով վարպետից աճեց, հասավ արվեստագետի մակարդակին»,- ասում էր նրա մասին Մարտիրոս Սարյանը, իսկ Երվանդ Քոչարը համարում էր, որ Հովհաննես Նաղաշյանի փայտի փորագրության սքանչելի նմուշները կարող են զարդարել աշխարհի լավագույն թանգարանները:

Գրախանութը տարբերվում է ոչ միայն իր միջավայրով, այլև գրքերի տեսականիով։ Ամեն պատահական գիրք այստեղ չի վաճառվում ու գրախանութի հաճախորդները, հիմնականում պատահական այցելուներ չեն։ Իհարկե պատահական այցելուներից շատերն էլ առաջին այցից հիանում են, տպավորվում, թե միջավայրով և թե տեսականիով, դառնում են մշտական հաճախորդ ու գալիս փնտրելու գրքեր, որ ուրիշ գրախանութներում անհնար է գտնել։

Անցյալ դարի 90-ականներին, մարդիկ անասելի մատչելի գներով իրենց գրադարաններից գրքեր էին հանձնում վաճառքի, այն էլ այնպիսի գրքեր, որոնք հիմա մեծ թվեր արժեն: Իսկ դրանց նոր տերերը հիմա տեղյակ են թվերի մասին և չեն շտապում նման գրքերը վաճառել։ 

Գրախանութում վաճառվում է գեղարվեստական գրականություն, համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների ալբոմներ, հայագիտական և փիլիսոփայության գրականություն։

Գրքերից բացի հին ֆոտոների վերատպված տարբերակներ են՝ հայկական տարազի, կենցաղի պատկերներով: Նաև նամականիշներ կան, ծրարներ ու հուշանվերներ ու հայ նկարիչների մի քանի կտավ։

Խորհրդային տարիների հրատարակված գեղարվեստական գրականությունն ու բառարաններն այսօր պահանջարկ չունեն և գնահատվում են շատ էժան։

Հիմնականում վաճառվում են հայագիտական ու պատմական արժեք ներկայացնող, մասնագիտական ու մարդուն, ինչպես գրավաճառ Կարեն Գասպարյանն է ասում, սովորեցնող, ինֆորմացիա տվող գրքերը։