Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մարիա Գևորգյանն ու Հովհաննես Գաբուզյանը պահպանում են առաջատար դիրքերը. ՀՀ շախմատի առաջնություն 

Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 8-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Հովհաննես Գաբուզյանը հանդիպեց իրեն անմիջապես հետապնդող Արման Փաշիկյանի հետ: Պարտիան անցավ լարված պայքարում և ավարտվեց 41-րդ քայլում խաղաղությամբ: Երկու շախմատիստները վաստակել են համապատասխանաբար 6,5 ու 6 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նրանց հաջորդող Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Տիգրան Պետրոսյանին: Նրանք վաստակել են 5,5-ական միավոր և այժմ բաժանում են 3-4-րդ տեղերը:

Վաղը կայանալիք 9-րդ տուրում կարևոր նշանակություն ունեն հետևյալ հանդիպումները. Տիգրան Հարությունյան – Հովհաննես Գաբուզյան, Արման Փաշիկյան – Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան – Հայկ Մարտիրոսյան:

Կանանց առաջնության առաջատար Մարիա Գևորգյանն այս տուրում սևերով հաղթեց Մարիամ Ավետիսյանին և վաստակեց 6 միավոր: Նրան հետապնդող Սուսաննա Գաբոյանը սև խաղաքարերով պարտության մատնեց Նարե Առաքելյանին և պահպանեց կես միավորի տարբերությունը: Մրցանակային 3-րդ տեղ բարձրացավ Մարիամ Մկրտչյանը, որը հաղթեց իր առջևում գտնվող Վերոնիկա Խաչատրյանին և շրջանցեց նրան:

Վաղը կկայանան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Չեմպիոնի կոչումը կխաղարկեն հենց այս երեք շախմատիստուհիները: Ահա նրանց հանդիպումները. Մարիա Գևորգյան – Սիրանուշ Ղուկասյան, Սուսաննա Գաբոյան – Վերոնիկա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան – Մարիամ Ավետիսյան: