Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը»․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները անհնազանդության ակցիա էին իրականացնում բուհերի մոտ` կոչ անելով բոլոր ուսանողներին և երիտասարդներին միանալ շարժմանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին հասնելով՝ նրանք փորձեցին ներս մտնել, սակայն դարպասները փակ էին։ Որոշ մասնակիցներ բարձրացան դարպասի վրա և  ներս մտան։ Մնացածին ոստիկանական ուժերը թույլ չտվեցին բացել։ Սկսվեց հրմշտոց: Երիտասարդները վանկարկում էին, որ ոստիկաններն իրավունք չունեն իրենց արգելելու։

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ դարպասները փակելու որոշումը համալսարանի ղեկավարությանն է, մասնակիցներն էլ ասացին, որ հետ չեն գնալո, եւ թող անձամբ ղեկավարությունը գա, բացատրի, թե ինչո՞ւ երիտասարդները չեն կարող մտնել բուհի բակ։

Ի վերջո, ակցիայի մասնակիցները կարողացան համալսարանի մյուս մուտքից մտնել ներս։ Նրանք հավաքվեցին բուհի բակում՝  կոչ անելով, որ ուսանողներն ու դասախոսները միանան իրենց։ Այնուհետև նրանք մտան շենք, շրջեցին միջանցքներով ու լսարաններով, որտեղ այդ պահին դասեր էին ընթանում։ Նրանք հասան համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի աշխատասենյակ, սակայն նա այնտեղ չէր։

Ակցիայի մասնակիցներն արդեն ցանկանում էին դուրս գալ շենքից, երբ աշխատակիցներից մեկը վանկարկեց․ «Նիկո՛լ, վարչապետ»։ Մասնակիցները վանակրկումներով ետ եկան եւ  ցանկացան մուտք գործել տվյալ աշխատասենյակ, սակայն դուռը միանգամից փակվեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մասնակիցները մտել էին Երևանի պետական համալսարան՝ առանց խոչընդոտների։ ԵՊՀ-ում նրանք միջանցքում հանդիպեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին։

Նրանք հարց ուղղեցին ռեկտորի պաշտոնակատարին՝ որն է նրա դիրքորոշումը ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ։

  «Ես իմ կարծիքը հայտնել եմ նոյեմբերի 20-ին՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը։Հիմա դուք այդ եք անում»,- պատասխանեց Գեղամ ԳԵւորգյանը։

Լուսանկարները՝  Ֆոտոլուրի