Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բավարիան» չեմպիոնների լիգայում ջախջախեց «Լացիոյին»՝ սահմանելով մի քանի ռեկորդ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիան» ընթացիկ մրցաշարի 1/8 եզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»: Դա երկու ակումբների անդրանիկ «ծանոթությունն» էր եվրոպագավաթային խաղում:

Գերմանական ակումբը վստահ հաղթանակի հետ միասին նաև սահմանել է մի քանի ռեկորդներ: Նախ, մյունխենցիներն արդեն 17 խաղ շարունակ չեն պարտվում մրցակիցների հարկի տակ: Սա չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է:

Արտագնա վերջին 11 հանդիպումներում «Բավարիան» խփել է 44 գոլ՝ միջինը մեկ խաղում 4 գնդակ, ինչը արդյունավետության նոր ռեկորդ է:

Ընթացիկ մրցաշարում մյունխենցիների կազմում արդեն հանդես են եկել 24 ֆուտբոլիստ, որոնցից 12-ը դարձել են գոլի հեղինակ: Վերջինն աչքի է ընկել Ջամալ Մուսիալան, որը դարձել է «Բավարիայի» կազմում չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա «Լացիոյի» դարպասը գրավելիս եղել է 17 տարեկան 363 օրական:

Իսկ ահա թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այդ խաղում խփել է իր 72-րդ գնդակը չեմպիոնների լիգայում: Նա այդ ցուցանիշով առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլից, սակայն դեռևս ետ է մնում Քրիշտիանու Ռոնալդուից (134 գոլ) և Լեո Մեսիիից (119):

Նշենք նաև, որ «Բավարիան» չեմպիոնների լիգայում արդեն չի պարտվում 18 անընդմեջ հանդիպումներում: Մյունխենցիները եթե պատասխան խաղում էլ պարտություն չկրեն, ապա կկրկնեն 2001թ իրենց կողմից սահմանած ռեկորդը՝ 19 անպարտելի հանդիպում: 

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մարտի 17-ին: