Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ բացառում, որ գործընթացները կարող են գնալ այն փուլով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա․ ԼՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջացած նոր սահմանը խոցելի է ՀՀ-ի համար և պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ այդ սահմանը անվտանգ դարձնելու համար․ ռուսական ռազմաբազայի կամ զինուժի առկայությունն այդ պայմաններից մեկն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչպես է վերաբերում ՊՆ Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով, որ որոշ ժամանակ առաջ այդ անհրաժեշտության մասին խոսում էր ԼՀԿ-ն։

Սիմոնյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարի հայտարարությունը իրենց առաջարկից բխող էր․

«Մենք կարծում ենք, որ հնարավոր բոլոր տարբերակները պետք է կիրառել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, այս պահին անվտանգությունն առաջնահերթ խնդիր է ՀՀ-ի համար»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին և հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ պահի ԼՀԿ-ն միանա փողոցի պայքարին, Սիմոնյանն ասում է՝ որևէ բան բացառել չեն կարող, բայց իրենց համար ընդունելի է քաղաքական պայքարը․

«Ես չեմ բացառում, որ գործընթացները կարող են գնալ այն փուլով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, բայց պետք է գնալ այն ճանապարհով, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները լուծենք քաղաքական ուղիով»։

ԼՀԿ պատգամավորը, անդրադառնալով ընդդիմության ապստամբելու և իշխանության՝ կրակելու մոնոպոլ իրավունք ունենալու վերաբերյալ ակնարկներին, ասաց՝ իրենք դատապարտում են ցանկացած բռնություն և բռնության կոչ․

«Ցանկացած բռնի գործողություն՝ կլինի պետության կողմից, ընդդիմադիր որևէ ուժի կողմից բերելու է նրան, որ պետության այն հատվածը, որը մնացել է, դա էլ փլուզվի»։

Սիմոնյանը հավելեց, որ ընդդիմության մի քանի ուժեր ցույցերի միջոցով են փորձում ստեղծել հասարական ճնշում իշխանության նկատմամբ, ԼՀԿ-ն դա անում է հանդիպումների միջոցով։