Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 23-ը փետրվարի․ Խաղաղությունն իր գինն ունի եւ այդ գինը կարող է լինել տարածքների վերադարձը․ Ս․Ս (տեսանյութ)

1998-ի փետրվարի 23-ին մի համերգի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը խոստանում է լինել Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխարինող իշխանության դեմ, որովհետեւ մաքուր լինելու այլ տարբերակ չկա: Իսկ վերաբացված Դաշնակցության մասին երգահանն ասում է՝ ես Դաշնակցական էի, երբ այն արգելված էր, իսկ այսօր ես նրա կողքին չեմ: Խորհրդային բանակի օրը 1998-ի փետրվարի 23-ին նշում են նաեւ անկախ Հայաստանում: Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ են դնում պաշտպանության նախարարն ու ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը :

1999-ի փետրվարի 23-ին խորհրդարանի ղեկավար Խոսրով Հարությունյանը պատասխանող կողմ է Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանում: Նա պետք է պատճառաբանի, թե ինչու է «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից ազատել Լիզա Ճաղարյանին, որն էլ այդ որոշումը վիճարկել է դատարանում: Խոսրով Հարությունյանն ասում է, որ թերթը կարող էր քննադատել իշխանավորին, բայց ոչ՝ իշխանությանը:

2000-ի այս օրը խորհրդարանում բյուջեի քննարկումներ են եւ ամենաակտիվը գործարար պատգամավորներն են : Բյուջեի թեման հարկային եւ մաքսային համակարգն է: Պետական եկամուտների փոխնախարարն ասում է, որ այս տարի հարկային եկամուտները 3 տոկոսով ավելի կլինեն նախորդ տարվանից: Կպարզեցվեն հարկահավաքության մեխանիզմները, բայց առանց օրենքը փոխելու:

Գործարարները 2000-ի այս օրերին բողոքում են՝ պետությունը մասնավորեցրել է ավերված գործարաններ, բայց պահանջում է ահռելի հարկեր: Յուրի Հարությունյանն ուզում է, որ պետությունն իրենցով հետաքրքրվի եւ հասկանա, թե ինչ ջանքերով են աշխատեցնում գործարանը:

Վարչապետ Արամ Սարգսյանը 2000-ի այս օրը պահպանում է ինտրիգը՝ չի ասում, թե հատկապես որ նախարարներին է պատրաստվում հեռացնել պաշտոնից: Վարչապետն ասում է, որ նախագահ Քոչարյանը ամբողջությամբ տեղյակ չէ սպասվող փոփոխություններից, բայց հավանություն տվել է: Նոր կառավարությունում կանայք, իհարկե, չեն լինի, թեպետ վարչապետը կուզեր:

2000-ի այս օրերին օրվա հացից կարող է զրկվել մոտ 300 հոգի : Քաղաքապետարանը որոշել է, որ «Բարեկամություն» մետրոյի ստորգետնյա անցումի 90 կրպակները պետք է հանվեն: Այստեղ պետք է շինարարություն արվի եւ բարեկարգվի կրպակների տեսքը: Առեւտրականներն արդեն մտավախություններ ունեն: Երեւանում բացված ԵԱՀԿ գրասենյակը Լեռնային Ղարաբաղի խնդրով չի զբաղվելու, փոխարենը կզբաղվի Հայաստանի ներքին խնդիրներով:

Կոնկրետ 2000-ի այս օրերին գրասենյակն զբաղվում է Ընտրական օրենսգրքով: Դաշնակցությունը 2001-ի փետրվարի 23-ին կարծում է, որ հոկտեմբերի 27-ը միայն անուղղակի պատվիրատուներ ունի: Ի դեպ, Մյասնիկ Մալխասյանն ակնարկում է, որ հոկտեմբերի 27-ի դատավարությունը վերահսկողներ կան, բայց դրանք կառավարությունում չեն եւ իրենք էլ վարչապետի հրաժարական չեն պահանջի:

2002-ի փետրվարի 22-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խաղաղությունն իր գինն ունի եւ այդ գինը կարող է լինել տարածքների վերադարձը: Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ տարածքների վերադարձը նոր պատերազմ է:

2001-ի հոկտեմբերին Հայաստանում սպանվում է Սամվել Առաքելյան անունով մի մարդ, որը նվազագույնը երկու աղմկահարույց սպանության եւ հոկտեմբերի 27-ի սպանությունների մեջ կազմակերպման մեջ մեղադրում է Միհրան Մովսիսյանին: Սակայն սպանվածն ու Մովսիսյանը միմյանց լավ գիտեին դեռեւս Արցախյան պատերազմի օրերին՝ սպանվածի հայրն ասում է, որ որդին Մովսիսյանի հանձնարարությամբ դիակապտությամբ էր զբաղվում՝ պատերազմում սպանվածների ոսկյա ատամներն ու զարդերը հանում եւ տալիս էր Մովսիսյանին: Ի դեպ, Սամվել Առաքելյանի հայրը պնդում է, որ որդին պատմել է, թե ինչպես Միհրան, Առաքել եւ Մուշեղ Մովսիսյանները միասին որոշել են ուտել Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլուխը՝ ինքը դրսում, իր բառերով,նրանց «աթանդա» է կանգնել։

2010-ի այս օրը ոսկու շուկայի առեւտրականները կառավարության մոտ բողոքում են հավելյալ հարկեր գանձելու որոշման դեմ։ Շուկայի տնօրեն Վաղարշ Վաղարշյանն անձամբ էր ապամոնտաժում իր անձնական շուկայի բողոքավոր առեւտրականների տաղավարները։

2012-ի փետրվարի 23-ին հայոց բանակը տոնում է խորհրդային կարմիր բանակի օրը, հնչում է նույնիսկ ԽՍՀՄ հիմնը։ Ռուսներն իրենք են ասում, թե ինչու են հայերն այս օրը նշում՝ որովհետեւ իրենք հայերին երբեք չեն լքի։