Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցանկացել են կաշառել Ռոման Բերեզովսկիին

Սպորտ

Ռուսական «Խիմկի» ակումբը նամակ է ուղարկել ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությանը, որի մեջ մեղադրել է ֆուտբոլային գործակալ Ս. Պանովին թիմի ֆուտբոլիստներից մեկին կաշառելու մեջ, որպեսզի վերջինս օգնի «Վոլգար-Գազպրոմին» մերձմոսկովյան թիմին հաղթելու համար:

Պարզվում է, որ այդ գործում ներգրավված է նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը հանդես է գալիս «Խիմկիում»: Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովն այդ կապակցությամբ ասել է.

«Ես առաջին անգամ եմ աշխատում 1-ին լիգայում եւ մտածում էի, որ մրցաշրջանի վերջում կսկսվեն առաջանալ նման անհասկանալի իրավիճակներ: Բայց այդ «խաղերն» ավելի շուտ սկսեցին: Սարանսկում մրցակից թիմի խաղացողները հենց խաղի ժամանակ դիմել էին մեր ֆուտբոլիստներին հանձնել հանդիպումը` Խիմկիում 3 միավորը վերադարձնելու պայմանով: «Նիժնի Նովգորոդը» առաջարկել էր մեզ նվիրել 3 միավոր, եթե մենք պարտվեինք տեղի «Վոլգային»: Եւ ահա, մեր ֆուտբոլիստներից մեկի օգնությամբ ֆուտբոլային գործակալը ցանկացել էր հանդիպել Ռոման Բերեզովսկիի հետ եւ պայմանավորվել խաղը հանձնելու հարցում: Սակայն մեր դարպասապահն այդ մասին անմիջապես տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը»:

Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան արդեն հետաքննություն է սկսել այդ դեպքի կապակցությամբ: