Պողոս Պողոսյանի սպանության՝ վերաբացված գործով առաջին նիստը՝ վաղը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կայանալու է Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության` վերաբացված գործով առաջին դատական նիստը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանն «Ա1+»-ին հայտնեց, որ գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը եւ բեկանեց մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած 43-ամյա Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության։
Գործը շրջադարձ ապրեց, երբ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը ցուցմունք տվեց։ Նա այդ օրը, իր կնոջ հետ, եղել էր «Առագաստ» սրճարանում եւ տեսել, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին եւ Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «Պրիվետ, Ռոբ» ասելու համար:
Գլխավոր դատախազությունը, եզրահանգել էր՝ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետեւանքով, այլ տեղի է ունեցել մի խումբ անձանց մասնակցությամբ սպանություն։ Մինչդեռ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Աղամալ Հարությունյանին դատապարտել էր երկու տարվա պայմանական ազատազրկման։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը հույս ունի, որ դատախազությունը դատարանից հետ կպահանջի մեղադրական եզրակացությունը եւ այն կփոփոխի։
«Եթե գործի քննությունը շարունակվելու է նախկին Քրեական օրենսգրքի 103 հոդվածով, ապա շատ հավանական է, որ պաշտպանության կողմը դիմի եւ վաղեմություն կիրառելու հարց բարձրացնի՝ միջնորդելով այդ հիմքով գործի քննությունը կարճել։ Եթե սպանության հոդված դրվեց, ապա այդ դեպքում դատարանը պետք է լուծի վաղեմության հարցը»,- ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը։
Իսկ եթե դատախազությունը մեղադրանքը չփոխեց, ապա շատ հնարավոր է պաշտպանական կողմի միջնորդությամբ, վաղեմության ժամկետի հիմքով, գործի վարույթը կարճվի։
«Կստացվի դատախազության արած այդքան աշխատանքը կընկնի ջուրը»,- եզրափակեց Հարություն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Պողոս Պողսյանը սպանվել է 2001 թ.–ի սեպտեմբերի 24–ին Երևանի «Առագաստ» սրճարանում։