Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր
A A
Քաղաքականություն

«Սասնա ծռեր»-ի շնորհիվ հետաձգվել է տարածքների հանձնումը․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը պնդում է  2016թ-ին  իրենց  գործողության շնորհիվ հետաձգվել է տարածքների հանձնումը։  Նա հայտարարում է՝ իրենք ապստամբություն են իրականացրել՝ կանխելու հայրենիքի հանձնումը։

Դատարանում,  իր պաշտպանական ճառում, նա նշեց, որ Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ պատրաստ է եղել տարածքները զիջելու, սակայն միակ խնդիրը եղել է'  ով ավելի հեշտ ձեւով կհանձնի։

 «Կոլեկտիվ ԿԳԲ-ին հաջողվեց մոլորեցնել հայ ժողովրդին, տանել կառափնարան եւ հայրենիքը հանձնել», - ասաց Վարուժան Ավետիսյանը։ 

Ըստ նրա'  «Սասնա ծռերի» քաղաքական հայացքները նախկին եւ ներկա իշխանությունների համար անընդունելի են, կա նաեւ  գաղափարական հիմքով քաղաքական հետապնդում։

Վարուժան Ավետիսյանը ավարտեց իր պաշտպանական ճառը' հայտարարելով, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստին' առողջական խնդիրների պատճառով։ Նրա հանդես չի գա նաեւ վերջին խոսքով եւ ռեպլիկով։ 

Այս պահին ճառով է հանդես գալիս պաշտպան Տիգրան Եգորյանը։ Նա առաջադրված բոլոր մեղադրանքները համարում է անհիմն։

Նա կակածի տակ դրեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքը' նշելով, որ նախաքննական մարմինը առաջ չի քաշել վարկած, ըստ որի բժշկական սխալի պատճառով է վրա հասել մահը։ Ոստիկան  Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է Արմեն Բիլյանը։ Տիգրան Եգորյանը կասկածի տակ դրեց նաեւ այն հանգամանքը, թե Սմբատ Բարսեղյանի արձակած կրակոցներից է  ոստիկան  Արթուր Վանոյանը վիրավորվել՝  չբացառելով, որ  այլ անձանց կողմից արձակած կրակոցներից է Վանոյանը վիրավորվել։ 

Ըստ պաշտպանի՝  Սմբատ Բարսեղյանն այդ ժամանակ ինքն է վիրավորում ստացած եղել։

Հիշեցնենք, որ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը  մնում են  կալանքի տակ, իսկ մյուսների  խափանման միջոցը փոխարինվել է ստորագրությամբ չհեռանալով։

Զինված խմբի անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։