Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 17-ը փետրվարի․ Երկրապահները պատրաստ են հանձնել Վանո Սիրադեղյանին (տեսանյութ)

1995-ի այս օրերին Հայաստանում շարունակվում է էներգետիկ ճգնաժամը: Բնակարաններում օրական տրվում է 2 ժամ էլեկտրաէներգիա: Շենքերի միջեւ էլեկտրալարերի իսկական սարդոստայն է հյուսված, դրանք, այսպես կոչված, ձախ հաղորդալարերն են, որոնք լույս են գողանում հիվանդանոցներից, հացի արտադրամասերից կամ տրամվայների հավաքակայաններից: Ձախ լույսի հետ իշխանությունը չի կարող կռիվ տալ: Այն նաեւ անվճար է: «Հայէներգոյի» տվյալներով բնակչությունը վճարում է միայն սպառած էլեկտրաէներգիայի 8 տոկոսի դիմաց : 8 միլիարդ դրամի է հասնում էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության պարտքը:

1998-ի փետրվարի 17-ին Հայաստանի ռամկավարները հայտարարում են, որ կպաշտպանեն նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահի արտահերթ ընտրություններում: Քոչարյանը ռամկավարներին խոստացել է ապահովել արդար ընտրություններ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան 1998-ի այս օրն անձամբ է գովազդում այստեղ արտադրվող «Քասթել» գարեջուրը: Սա հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության կարծես թե ապագա ունեցող առաջին արտադրանքներից է:

1998-ի այս օրը Ազգային Ժողովի փոխնախագահ է դառնում Յուրի Բախշյանը : Նա փոխարինում է երկու շաբաթ առաջ հեռացած ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանին: Արա Սահակյանի տեղին հավակնում են Արթուր Բաղդասարյանն ու Ալբերտ Բազեյանը: Բաղդասարյանն ասում է, որ զիջում է իր տեղը Բազեյանին:

Նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը 1998-ի փետրվարի 17-ին խոստովանում է, որ արդար ընտրություններ անցկացնելու համար Հայաստանում խնդիրներ կան, սակայն: Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին 1999-ի փետրվարի 17-ին Ազգային Ժողովում ջերմ ընդունելություն չէր սպասվում: Մարդն եկել էր խորհրդարանից ստանալու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունքը: Երկրապահները պատրաստ են հանձնել Սիրադեղյանին: Մինչ այդ Քոչարյանն սպառնացել էր, որ չհանձնելու դեպքում կցրի խորհրդարանը: Վերջինս քվեարկում է հանձնելու օգտին: Դրանից հետո ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանն առաջարկում է ստեղծել Քոչարյանի պաշտոնանկությունը նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով:

1999-ի այս օրն առաջին անգամ պաշտոնապես խոսվում է Ալեքսանդր Թամանյանի նախագծած Հյուսիսային պողոտան կյանքի կոչելու մասին: Հայտարարված է նախագծերի մրցույթ: Երեք նախագիծ կա, որոնցից երկուսը նախատեսում են պողոտայի տեղում գտնվող 150 տարվա պատմություն ունեցող տների լիովին կամ մասնակի ոչնչացում, իսկ մեկն էլ գտել էր ձեւը դրանք պահպանելու :

2000-ի փետրվարի 17-ին Փարիզից Երեւան է բերվում զորավար Անդրանիկի աճյունը: Սա նրան Հայաստանում վերահուղարկավորելու երրորդ փորձն էր, այս անգամ արդեն՝ հաջող: Օզանյանը մահացել էր 75 տարի առաջ Ամերիկայի Ֆրեզնո քաղաքում: Մինչեւ Եռաբլուրում հուղարկավորման բուն օրը՝ փետրվարի 20-ը, աճյունը կտեղադրվի Օպերայի շենքում վերջին հրաժեշտի համար:

2006-ի այս օրը գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում հայտարարում է, որ վերադառնում է ակտիվ օրենսդրական աշխատանքի: Նա խորհրդարանում էր հայտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը մասնակցելու համար:

2011-ի այս օրը ոստիկանները Գյումրիում թույլ չեն տալիս վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներին ավտոերթով հասնել Երեւան կառավարության շենքի մոտ նախատեսված բողոքի ակցիային մասնակցելու համար: Պատգամավոր Ստեփան Սաֆարյանը դիմում է խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանին ճանապարհը բացելու համար, սակայն վերջինս ոչնչով օգնել չի կարողանում:

2012-ի փետրվարի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անհեթեթ է համարում այն լուրերը, թե ինքը մտադիր է լքել հարազատ Օրինաց երկիր կուսակցությունը: