Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Որքանո՞վ են արդյունավետ կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված Կառավարության քայլերը․ քննիչ հանձնաժողովի նիստը (տեսանյութ)

Ազգային ժողովում անցկացվեց կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ 251 հարցից բաղկացած հարցաշար են ուղարկել ՀՀ կառավարությանը, որոնց գերակշիռ մասը վերաբերում է առողջապահության ոլորտին։

Հարցաշարը կազմվել է հանձնաժողովի ընդդիմադիր անդամների կողմից, «Իմ քայլը» խմբակցության անդամները հարցաշարի կազմման աշխատանքներին չեն մասնակցել։

Տնտեսական հետևանքների և ֆինանսական միջոցների օգտագործման, ծախսման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղվել,-հայտնեց Խաչատրյանը՝ հավելելով, որ հարցեր են ուղղվել նաև ԿԳՄՍ, Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարություններին, Ոստիկանությանը։

Պատգամավորների նախաձեռնությամբ հարցումներ են ուղարկվել նաև ՊՎԾ-ին, Հաշվեքննիչ պալատին, Կենտրոնական բանկին, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը։

Խաչատրյանը հայտնեց նաև՝ հանձնաժողով կհրավիրվեն տարբեր պաշտոնյաներ, որոնց կտրվեն հետաքրքրող մյուս բոլոր հարցերը։

Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, թե հարցաշարում կան հարցեր, որոնք գնահատողական վերաբերմունք են, մինչդեռ պետական մարմիններին ուղղվող հարցերը պետք է ենթադրեն որոշակի վիճակագրական տվյալներ։

«Կա տեղեկատվության հայցում, որի նպատակը դժվար է ասել, շատ քաղաքական ենթատեքստերով հարցեր կան և քաղաքական գնահատականներ կան, կան հարցեր, որտեղ կառավարությունից պահանջում եք գնահատական իր իսկ կատարած աշխատանքին, կան ասեկոսեների վրա հիմնված հարցեր, ես կարծում եմ, որ 251-ի փոխարեն կարող էր լիներ 51 հարց՝ շատ ավելի կոմպակտ, շատ ավելի ամփոփ»,-կարծում է Տիգրանյանը։

Արկադի Խաչատրյանն էլ, ի պատասխան քննադատությունների, ասաց, որ մինչև հարցերը հասցեատերերին ուղարկելը ուղարկել են հանձնաժողովի բոլոր անդամներին, հետևաբար՝ նրանք կարող էին աշխատանքային կարգով ներկայացնել առաջարկներ այս կամ այն հարցադրման կամ ձևակերպման վերաբերյալ։

Հանձնաժողովի անդամ, ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը պնդեց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դիտարկումները գրաքննություն են կազմված հարցաշարի վերաբերյալ, մինչդեռ նրանք գործընթացին չեն մասնակցել, Սամսոյանը պնդեց՝ հարցերի կազմմանը մասնակցել են փորձագետներ, ովքեր ունեցել են հարցեր Կառավարությանը։

Օրակարգի երկրորդ հարցը պաշտոնատար անձանց հանձնաժով հրավիրելու սկզբունքների մասին էր․

«Քննիչ հանձնաժողովը իրավասու է հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց և այլ անձանց, ովքեր որ ներկայացրել են տեղեկատվություն քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման ենթակա ոլորտների հետ կապված։ Արդո՞ք պետք է սպասել, որպեսզի կառավարությունը պատասխանի հարցադրումներին և տեղեկատվությունը ստանալուց հետո նոր ուղղել հարցադրումները, որոնց պատասխանները հակասական կամ սպառիչ չեն եղել, կամ զուգահեռաբար արդեն սկսել հրավիրել»,-հարց բարձրացրեց հանձնաժողովի նախագահը։

Հանձնաժողովի անդամ, իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կարծիք հայտնեց, որ պետք է սպասել կառավարության պատասխաններին, հետո միայն հրավիրել պաշտոնյաներին։

Անի Սամսոնյանը ևս կարծիք հայտնեց, որ պետք է սպասել Կառավարության պատասխաններին։