Ավելի շատ ինքնապաշտպանական է, քան որևէ փաստ կարող է ներառել․ Դավոյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին ղեկավարների հարցազրույցները ավելի շատ ինքնապաշտպանական են, քան որևէ փաստ կարող են ներառել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին․
«Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, մերժել է ՀՀ քաղաքացին գրեթե 3 տարի առաջ, դա եղել տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը»,-համոզմունք է հայտնում Դավոյանը։
Պատգամավորը վստահեցնում է՝ կլինեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ և ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ․
«Մենք հետևողական գնում ենք ճշմարտության ճանապարհով, գուցե դանդաղ է , բայց դա չի նշանակում, որ այն ինչ ասել ենք, իրականություն չի դառնալու։ Իրենք ինքնապաշտպանական հարցազրույցներ են տալիս, որովհետև ասելիք չունեն, որովհետև այն, ինչ եղավ, իրենց վարած քաղաքականության հետևանքն է»։
«Ա1+»-ի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բանակցությունները սկսել է սեփական կետից, Դավոյանն արձագանքեց, թե վարչապետն ասել է իր փաստարկները այս գործընթացի վերաբերյալ, թեև ինքը պնդում է, որ տեղի ունեցածը նախկինների վարած քաղաքականության հետևանք է․
«Վարչապետն ասել է՝ ինչպես է սկսել բանակցությունները, հետևաբար՝ մեկնաբանել վարչապետի ասածը չեմ պատրաստվում, որովհետև վարչապետն ասել է այն, ինչ եղել է այդ պահին»։
Դավոյանն ասում է՝ ստացել են մի կետ, որից շարունակել են բանակցությունները, իսկ նախկին իշխանության ներկայացուցիչները երբեք ազնվորեն չեն ասել, թե ինչ կետում են թողել այդ բանակցությունները։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Դավոյանն ասաց՝ հունիսից հետո կանդրադառնան այս թեմային։
Դավոյանի խոսքով ՝ եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ հանրության մոտ լինի, ազդակներ կստանան, քանի որ քաղաքացիների հետ շփվում են այնպես, ինչպես նախկինում։