Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բողոքի ակցիա Թատերական ինստիտուտում (տեսանյութ)

 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում բուհում և պահանջում հանրային քննարկման դնել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը, որը փետրվարի 11-ին ՀՀ ազգային ժողովի նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ուսանողները կարծում են, որ օրենքի նոր նախագիծը ոտնահարում է իրենց իրավունքները: Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանողները պնդում են, որ երեկ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Դումանյանը կասկածի տակ է դրել իրենց ինստիտուտի լիցենզիան եւ համարել, որ պետք է փոխել այն:

 

Այսօր ՀՀ ազգային ժողովում Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Ըստ նախագծի՝ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին:

«Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- հայտնել է ԿԳՄՍ նախարարը:

 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:

Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: