Այսպիսի մթոնոլորտի ձեւավորումը անհարգալից է ոչ միայն ռեկտորի անձի, այլև հեղինակավոր համալսարանի նկատմամբ․ ակցիա ՀՌՀ-ի մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներն ու դասախոսներն ի աջակցություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ բողոքի ակցիա են իրականացրին բուհի հիմնական մասնաշենքի մոտ և արտահայտեցին իրենց վրդովմունքը Արմեն Դարբինյանի անվան շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։
Դասախոսներից մի քանիսը, ինչպես նաեւ ուսանողներն ու բուհի շրջանավարտները ելույթ ունեցան՝ ի աջակցություն Արմեն Դարբինյանի։ Հավաքին Արմեն Դարբինյանը չէր մասնակցում։
Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ընդգծեց՝ Հայ-ռուսական համալսարանը բարձր վարկանիշ ունի շնորհիվ ռեկտոր Դարբինյանի։
Պրոռեկտորի խոսքով՝ Դարբինյանն ապացուցել է, որ կառուցող, արարող ղեկավար է։
«Ինչպես դուք գիտեք, ամեն անգամ մենք այս հրապարակում հավաքվում ենք, երբ հարցը վերաբերում է համալսարանական կյանքին, կարեւոր իրադարձություններին, մեր երկրի կյանքին։ Այստեղ մենք հավաքվել ենք մեր խղճի ձայնով, մեր հոգու կանչով։ Հավաքվել ենք, որպեսզի մեր անհանգստությունն ու դժգոհությունն արտահայտենք այն բանի համար, ինչ ստեղծվել է համալսարանի ռեկտորի՝ Արմեն Դարբինյանի անձի շուրջ։ Դա հարց է, որը վերաբերում է համալսարանի ներկային ու ապագային»։
Պրոռեկտորի խոսքով՝ տարիներ շարունակ ղեկավարելով համալսարանը՝ Դարբինյանն ապացուցել է, որ կառուցող, արարող ղեկավար է․
«Սրա ապացույցն է այս սպորտային պալատը՝ իր բոլոր հարմարություններով հագեցված, գիտատեխնիկական ուսումնասիրությունների նոր մասնաշենքը, որը կառուցվել է, ուսմունք դպրոցի շենքերը»։
Պրոռեկտորը շեշտում է՝ համասարանը Արմեն Դարբինյանի շնորհիվ բոլոր մասնագիտություններում դարձել է առաջատարը, ինչպես նաև հանդիսանում է հայ եւ ռուս ժողովրդի բարեկամության առհավատչյան․
«Այսօր այդպիսի մթոնոլորտի ձեւավորումը անհարգալից է ոչ միայն ռեկտորի անձի նկատմամբ, այլ նաեւ անհարգալից է հեղինակավոր համալսարանի նկատմամբ։ Մենք կանգնելու ենք մեր ռեկտորի կողքին»,- եզրափակեց Սարգսյանը։
Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմինե Գիպելյանն իր հերթին նշեց, որ համալսարանի ուսանողների ճնշող մեծամասնությունը անհանգստացած է ռեկտոր Արմեն Դարբինյանի անվան շուրջ տեղի ունեցող իրադարձություններով․
«Արմեն Դարբինյանը մեկ անգամ չէ,որ ապացուցել է իր նվիրվածությունը, հարգանքը, սերը դեպի ուսանողություն, համասարան և կրթություն, գիտություն։ Ուսանողը, մարդը, կրթությունն ու պետությունը մեր բուհում հանդիսանում են բարձր արժեքներ»։
ՈւԽ նախագահը համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական համալսարանը միշտ եղել է ապաքաղաքական, և ուսանողները համոզված են, որ քաղաքականությունը բուհի ներսում տեղ չունի։
Հավաքի ավարտին համալսարանի դասախոսներն ու ուսանողները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ աջակցում են Արմեն Դարբինյանին՝ գնահատելով նրա անձնական դերն ու ներդրումը համալսարանի կայացման ու զարգացման գործում։
Հիշեցնենք՝ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության զգալի ուժեր է լծել է իրեն պաշտոնանկ անելու համար, իսկ երբ դա արդյունք չի տվել ԱԱԾ-ի միջոցով է ռեկտորի հրաժարականի պահանջ փոխանցել իրեն:
Նա նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Ռեկտորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը թշնամանք է դրսեւորում Հայ-ռուսական համալսարանի նկատմամբ։