Տպավորություն է, որ այդ հանրային պահանջը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, Ադրբեջանում չկա. Իվետա Տոնոյան
Աջակցիր «Ա1+»-ինԿոնկրետ ԲՀԿ-ն նշել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների առաջարկից հրաժարվելու իշխանության հայտարարությանը.
«Եթե իշխանությունը կամ իշխանության առանձին ներկայացուցիչներ չունեն բավարար ազնվություն խոստովանելու, որ ոչ թե չկա խորհրդարանական ընդդիմության կողմից աջակցություն կամ չկա հանրային պահանջ արտահերթ ընտրություններ անցկացնելու, այլ ուղղակի Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հրաժարական տալ, զրկվել կառավարության ղեկավարի համար սահմանված բոլոր բարիքներից, կառավարական առանձնատունը վայելելու բարիքներից, ուրեմն՝ թող չփորձեն ընդդիմությանը մեղավոր կարգել»:
Տոնոյանն ասաց՝ իրենց օրակարգում որևէ փոփոխություն չկա, եթե լինի, կաշկանդված չեն այն հրապարակայնացնելու.
«Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր պայքարը, մենք ասել ենք ու ասելու ենք, որ այս իշխանությունը այլևս սպառել է իրավական, քաղաքական իր ամբողջ լեգիտիմության պաշարը, այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանա, պետք լինեն երկրի կոտրված ողնաշարը շտկելուն ուղղված քայլեր»:
Իշխանության տարածած հայտարարությունից հետո, Տոնոյանի խոսքով, իշխող խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում նշել են, որ տեղյակ չեն եղել, որ տարածվելու է նման հայտարարություն:
Տոնոյանը նաև հարց է բարձրացնում՝ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է պարզվել, որ հանրային պահանջ չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու.
«Տպավորություն է, որ այդ հարցումներն Ադրբեջանում են անցկացվել, և այդ հանրային պահանջը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, Ադրբեջանում չկա՝ հաշվի առնելով, թե ադրբեջանական մամուլում և սոցցանցերում ինչ մեծ ոգևորություն առաջացավ, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվելու»,- նշեց Իվետա Տոնոյանը։
Ըստ Տոնոյանի՝ որևէ քաղաքական գործիչ միանձնյա չի կարող երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, ուստի շարունակելու են առաջ տանել իրենց օրակարգը.
«Իշխանությունն է վախենում, որ չունի հանրության աջակցությունը և արտահերթ ընտրություններից հետ մեծամասնություն կազմելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մենք վախենալու բան չունենք, մենք ունենք մեր ընտրողների բանակը»,-վստահություն է հայտնում ԲՀԿ պատգամավորը: