Բացել լրահոսը Փակել լրահոսը
146485250_2871092879798489_2362957739227183310_o
A A
Պաշտոնական

Պետք է ձգտել նրան, որ Հայաստանում քաղցկեղը չլինի դատավճիռ. նախարար

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը:
 
Այս տարի այն կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը: Նվիրված է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին: Հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները նույնպես քննարկման թիրախում են:
 
Նշենք, որ աշխարհում այս հիվանդության միջին վիճակագրական տվյալները, թե հիվանդացության, թե մահացության առումով, բարձր են: Կանխարգելում, հայտնաբերում, բուժում. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում հատկանշում է՝ պետք է ձգտել նրան, որ Հայաստանում քաղցկեղը չլինի դատավճիռ:
 
«Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդծելու, շեշտելու, թե ինչքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն և մահացության 8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերն ունեն աճի միտում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
 
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի հարցում վերջին տարիների ձեռքբերումները մեծ են: Առողջապահության նախարարն առանձնացրել է առաջնային օղակում ներդրված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային միջոցառումներն ու վերջերս իրականացվող կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային փորձնական ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է ընթանում: Նախարարը հույս է հայտնել, որ այն կարդարացնի բոլոր սպասումներն ու կներդրվի նաև մյուս մարզերում: Բարեփոխումներից մեկի համաձայն էլ 2019 թվականի հունվարից չարորակ նորագոյացություններով պացիենտների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում:
 
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնից բացի հանրապետությունում ուռուցքաբանական ծառայություններ է մատուցում ևս 14 բուժհաստատություն»,-նշել է ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հավելելով, որ ոլորտում առկա առողջ մրցակցությունը ստիպում է բարձրացնել ծառայությունների որակը:
 
Նշենք նաև՝ երկօրյա կոնգրեսին մասնակցում են ուռուցքաբանության ոլորտը ներկայացնող ականավոր բժիշկներ, ծառայությունների ղեկավարներ, ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, մի շարք ԲԿ-ների ղեկավարներ, բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ: