100 հազարավոր քաղաքացիների, որոնք դժգոհ էին այս իշխանությունից, մենք չկարողացանք դուրս բերել փողոց․Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր հանդիպել է ՀՅԴ Երիտասարդական միության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում վերջինս նշեց՝ 2018-ին իշխանությունը եկավ ազատ և օրինական երկիր կառուցելու խոստումով, սակայն 2,5 տարի անց, ըստ նրա, կարող ենք արձանագրել՝ շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ․
«Եվ հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք ոտքի կանգնել եւ կառուցել այն պետությունը, որը երազում էինք։ Ես համոզված եմ, որ՝ այո։ Դրա համար պետք են կամք, հավատք եւ աշխատանք»,-համոզմունք է հայտնում Մանուկյանը և պնդում՝ այդ ճանապարհին առաջին քայլը այս իշխանությունների հեռացումն է․
«Առաջին․ ցանկացած իշխանություն, որն իր երկիրը բերում է կապիտուլյացիայի, հեռանում է։ Մի կողմ թողնենք նրանց գործած մեղքերը, այդ մասին շատ ենք խոսել։ Եվ դա դաս պետք է լինի ապագա իշխանություններին։ Մի երկիր, որտեղ չի դատապարտվում վատը եւ չի խրախուսվում լավը՝ ապագա չունի։
Երկրորդ պատճառը՝․ այս 2,5 տարվա մեջ մենք ոչ մի ոլորտում առաջխաղացում չենք ունեցել, այսինքն մենք ունենք վատ ղեկավար, վատ մենեջեր։ Ցանկացած բիզնես կառույց կամ հիմնարկություն, եթե ղեկավարը տապալում է գործը, նրանից ազատվում է։
Եվ երրորդը՝ ինչ ճանապարհով էլ մենք ուզենք գնալ, նա մեզ այդ ճանապարհով չի կարող տանել, նա պարտված մարդ է, պարտված ղեկավար է»,-նշեց Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով՝ մենք գրեթե կորցրել ենք Արցախը, բայց պետք է վերադարձնենք, ստեղծենք հզոր բանակ․
«Հարեւան երկրները քեզ պետք է վերաբերվեն հարգանքով, իմանալով, որ չեն կարող քեզ ձեռք տալ, որ դու պաշտպանված ես։ Միայն այս պայմաններում դու կարող ես հարևանների հետ խոսել հավասարը հավասարի պես»։
Ըստ Մանուկայնի, մեր երկրի առաջիկա օրակարգում պետք է լինեն հետևյալ հարցերը՝ 1-ին. ազատվել Նիկոլ Փաշինյանից, 2-րդ. ստեղծել ժամանակավոր կառավարություն, վիճակը կայունացնել, մեկ տարուց կազմակերպել ընտրություններ եւ ձեւավորել նոր իշխանություններ․
«Որոշ հիասթափություն կա Հայրենիքի փրկության շարժումից։ Շարժումն արձանագրեց պլյուսներ եւ մինուսներ։ Շարժման ծավալը բերեց նրան, որ Ակադեմիան, Հայ եկեղեցին, տասնյակ ինստիտուտներ եւ այլ կառույցներ պահանջեցին այս կառավարության հրաժարականը, մինուսն այն է, որ 100 հազարավոր քաղաքացիների, որոնք դժգոհ էին այս իշխանությունից, մենք չկարողացանք դուրս բերել փողոց»։
Մանուկյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց իր օրակարգը. արտահերթ ընտրություններ՝ իր իշխանության օրոք և պնդում՝ սա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է․
«Մեր պետությունը դառնում է ոստիկանապետություն, այդ ոստիկանապետությունում գլխավոր ոստիկանի ղեկավարությամբ արդար ընտրություն հնարավոր չէ»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը։