Անօդաչուի հարվածից զոհված Փայլակը Ջաբրայիլ տեղափոխվելու փաստը մինչև վերջին պահը թաքցրել էր ընտանիքից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւժեղ, ազնիվ ու հայրենասեր 20-ամյա Փայլակ Ղազարյանի կռիվը Ջաբրայիլում հոկտեմբերի 9-ին ավարտվեց․
«Նստել են մեքնենան, անօդաչուն խփել է շարժվելուց 10 րոպե հետո»,-պատմում է Փայլակի հայրը՝ Դավիթ Ղազարյանը։
Մինչ պատերազմը, Փայլակը Մեղրիում է ծառայել , իսկ Մեղրիից Ջաբրայիլ տեղափոխվելու լուրը թաքցրել է ընտանիքից, իմացել են միայն, երբ արդեն զոհվել է․
«Հարցնում էի, ասում էի կրակոցների ձայներ չես լսո՞ւմ, ասում էր, չէ, հեռու ենք, պատերազմի դաշտում էր փաստորեն»,-հիշում է Փայլակի մայրը՝ տիկին Ռուզաննան։
Փայլակի հետ վերջին հեռախոսազրույցն են հիշում ծնողները, ասում են՝ ձայնը հանգիստ էր, որ նույնիսկ չէին կասկածում, որ պատերազմի թեժ կետում է։
«Ես գիտեի Մեղրիում է, չէի անհանգստանում։ Կռիվը, որ սկսվել էր, միայն իր ընկերների համար էի աղթում, ովքեր Արցախում էին, ասում էի՝ Աստված ջան, էտ երեխեքին պահես, նոր իմ երեխուն»,-ասում է զինվորի մայրը։
Նպատակներ ու երազանքներ Փայլակը շատ ուներ, բայց դրանց մասին խոսել չէր սիրում, մայրը հիշում է․
«Միշտ ասում էր՝ մամ հլը սպասի գամ․․․»։
Միայն մեկ երազանք ուներ, որի մասին խոսում էր միշտ՝ գալ և գրկել քրոջ փոքրիկին, ում տեսնել այդպես էլ չհասցրեց։
Մինչ բանակ գնալը Փայլակը ընդունվել էր Ագրարարային համալսարան, բայց ֆինանսիստ դառնալու երազանք ուներ։ Փայլակի դասղեկը հիշում է, երբ հարցնում էին ի՞նչ մասնագիտություն է ընտրելու՝ երկար էր մտածում․
«Ինքը դարձավ հայրենիքի պաշտպան, հերոս և իր մասնագիտությունը դարձավ հայրենասիրությունը»,-ասում է դասղեկը՝ Ռիտա Ղազարյանը։
Դասընկերներն էլ հավելում են՝ դասարանով հիմա հավաքվում են, զգում, որ իրենցից մի մասնիկ չկա։
Փայլակը սպասում էր, որ իրեն բացահայտեն,-ասում է հերոսի ուսուցչուհին՝ Նարինե Ենգիբարյանը և հիշում, թե որքան կարգապահ էր, որքան հայրենասեր էր դեռ դպրոցական նստարանից։
Փայլակի ընկերները խոստանում են՝ նոր փայլակներ են ունենալու, ընկերոջ օրինակով դաստիարակելու։
Հարազատները հիշում են՝ ապրեց, կռվեց ու ընկավ հայրենասիրական երգերը շուրթերին։