Բացել լրահոսը Փակել լրահոսը
16123679865691
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մանրամասներ է պատմում Իրանի և Վրաստանի իր գործընկերների հետ հանդիպումից

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

 

Հարց. Հետպատերազմյան շրջանում առաջին անգամ ՀՀ արտգործնախարարը շփումներ ունեցավ Իրանի և Վրաստանի իր գործընկերների հետ, նախ ինչպե՞ս կգնահատեք հանդիպումների արդյունքները, համագործակցության շրջանակների ընդլայնման ի՞նչ հնարավորություններ կտան այդ շփումները:

Պատասխան. Հունվարի 22-23-ին տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարարի ոչ պաշտոնական այցը Վրաստան առաջին հերթին կրում էր ճանաչողական բնույթ. սա երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր։ Հաշվի առնելով մեր պետությունների միջև հարաբերությունների բնույթը՝ կարծում եմ, որ երկու ԱԳ նախարարների միջև պարբերական շփումները՝ այդ թվում ոչ պաշտոնական ձևաչափով, անհրաժեշտ են, քանի որ դրանք լավ հնարավորություն են մտքերի փոխանակման և փոխադարձ վստահության առավել ամրապնդման համար։


Բացի այդ, մեր տարածաշրջանում այսօր տեղի են ունենում էական փոփոխություններ և զարգացումներ, որոնք առնչվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերին։ Այս առումով կարևոր է նախարարների միջև անմիջական քաղաքական երկխոսությունը և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միմյանց դիրքորոշումների հստակեցումը։ Բնական է, որ տարածաշրջանային զարգացումները եղել են նախարարների հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը։


Միաժամանակ, տեղի ունեցող զարգացումների պայմաններում նոր մարտահրավերներին զուգահեռ կարող են ի հայտ գալ նաև նոր հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հայ-վրացական համագործակցության առավել խորացմանը։ Այս հանգամանքը ևս առաջացնում է մտքերի փոխանակման և համատեղ անելիքների նախանշման անհրաժեշտություն։


Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը Վրաստանը մշտապես դիտարկել է և շարունակելու է դիտարկել որպես բարեկամ պետություն, որի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից, ինչի մասին խոսել է նաև ՀՀ ԱԳ նախարարը՝ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում։ Ելնելով վերոնշյալից՝ Հայաստանը շարունակելու է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

ԻԻՀ ԱԳ նախարարի այցը ուներ տարածաշրջանային բնույթ, և Երևան այցելությանը նախորդել էին նախարար Զարիֆի հանդիպումները Բաքվում և Մոսկվայում։ Հայաստանից Իրանի ԱԳ նախարարն մեկնել է Թբիլիսի և Անկարա։ Բնականաբար այցի օրակարգում առաջնային տեղ էին զբաղեցնում տարածաշրջանում ստեղծված նոր իրադրության շուրջ քննարկումները։

Հարց. Վրաստանի գործընկերոջ հետ հանդիպման համատեքստում ընդգծվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը, Վրաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Հայաստանի և Վրաստանի համագործակցության համատեքստում չօգտագործված ի՞նչ հնարավորություններ կան, որոնց ուղղությամբ կարելի է աշխատել։

Պատասխան. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Վրաստանի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, և այս տեսանկյունից մեր գնահատմամբ միջկառավարական հանձնաժողովը հանդիսանում է արդյունավետ հարթակ։ Երկար ընդմիջումից հետո վրացական կողմի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում 2019թ. հաջողվեց վերսկսել ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի նախորդ 9-րդ նիստը տեղի էր ունեցել դեռևս 2011թ.: Ցավոք, նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները թույլ չտվեցին 2020թ. ընթացքում կազմակերպել հանձնաժողովի հաջորդ՝ 11-րդ նիստը։ Այդուհանդերձ, մենք կարևորում ենք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականության ապահովումը և հուսով ենք, որ 2021թ. ընթացքում համավարակի հետ կապված իրավիճակը մեզ թույլ կտա վրացական կողմի հետ համաձայնեցնել հաջորդ նիստի անցկացման ժամկետները։

Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային են տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ։ Այս առումով կարելի է առանձնացնել, օրինակ, Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի ձևավորման շուրջ տարվող բանակցությունները, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի և ենթակայանի շինարարության շուրջ իրականացվող աշխատանքները, որոնց հաջող ավարտից հետո հնարավորություն կստեղծվի Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի սինխրոնիզացման համար և այլն։

Մեծ հեռանկարներ ենք տեսնում նաև Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոն համագործակցության համար։ Այս համատեքստում առաջին հերթին կարևորում ենք երկու երկրների սահմանամերձ համայնքների միջև կայուն համագործակցության հաստատումը, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի այս համայնքների զարգացման համար։

Միաժամանակ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ բացի տնտեսական ուղղությունից, հայ-վրացական հարաբերություններում կարևոր տեղ են զբաղեցնում հումանիտար հարցերը, մասնավորապես՝ կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը, որոնք նույնպես ընդգրկված են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։

Երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն առաջին հերթին հիմնված է մեր երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ սերտ կապերի, դարավոր բարեկամության և փոխվստահության վրա։ Թեև այսօր շփումները բավական ակտիվ են, սակայն մեր կարծիքով դեռևս լիովին չեն արտացոլում այն խոր պատմական, մշակութային կապերը և քաղաքակրթական ընդհանրությունները, որ առկա են հայ և վրացի ժողովուրդների միջև։ Այս առումով շատ կարևոր ենք համարում Հայաստանի և Վրաստանի բնակիչների, առաջին հերթին երիտասարդների շրջանում փոխադարձ շփումների առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս պահին էլ վրացական կողմի հետ քննարկվում են կոնկրետ քայլեր, որոնք պետք է ծառայեն մարդկանց միջև շփումների առավել դյուրացմանը։

Հարց. Տարածաշրջանի ապաշրջափակման աշխատանքներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա:

Պատասխան. Բնական է, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման, փոխկապակցվածության զարգացման համար, ինչը, կարծում ենք, բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից։ Բացի այդ, տնտեսական և տրանսպորտային ցանցերի ապաշրջափակման դեպքում կարող է հնարավորություն ստեղծվել նաև Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հաղորդակցության ձևավորման համար։ Բնական է, որ այս ցանցի ձևավորումը կբխի դրանում ներառված բոլոր պետությունների շահերից։

Հարց. Հայաստանի և Իրանի արտգործնախարարի հանդիպմանը կողմերը երկուստեք մտահոգություն են հայտնել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ: Այս առումով Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են, միասին ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել երկրները:

Պատասխան. Ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում լրջագույն սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։ Այս մասին նաև բազմիցս բարձրաձայնել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները։ Ցավոք Թուրքիան և Ադրբեջանը իրենց ագրեսիվ քաղաքականությունն առաջ մղելու համար խտրականություն չեն դնում միջոցների միջև և հետևողականորեն վարում են մեր տարածաշրջանը ահաբեկչական օջախի վերածելուն միտված քայլեր։ Բնական է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը երկու երկրների անվտանգության տեսանկյունից մարտահրավերներ է պարունակում և դրանք պետք է պահել ուշադրության կենտրոնում։

Հարց. Տարածաշրջանի ապաշրջափակումը, հնարավոր երկաթգծի շահագործումը, ինչպե՞ս կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա, ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն:

Պատասխան. Անշուշտ տնտեսական առումով երկաթուղային կապի հաստատումը ՀՀ և ԻԻՀ միջև դրական ազդեցություն կունենա առևտրանտեսական հարաբերությունների զարգացման վրա, և իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել, որոնք թույլ կտան երկաթուղային կապ ստեղծել ԻԻՀ սահմանից մինչև Երևան։ Միևնույն ժամանակ Հայաստանի և Իրանի համար շարունակում է ռազմավարական կարևորություն ունենալ Սյունիքի մարզի տարածքով Իրանի հետ ավտոտրասպորտային կապի ապահովումը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։

Հարց. Ալիևը հայտարարել էր տարածաշրջանում համագործակցության նոր բազմակողմ հարթակ ձևավորելու հնարավորության մասին։ Հայաստանը ի՞նչ կարծիք ունի այս առնչությամբ, հարևան երկրների հետ հարաբերությունների վրա սա ինչպե՞ս կանդրադառնա:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի առաջարկը՝ տարածաշրջանում ստեղծել նոր վեցակողմ հարթակ, հնչել է նաև Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի կողմից: Այդօրինակ նախաձեռնությամբ Թուրքիան հանդես է եկել նաև 2008թ., որը հաջողությամբ չի պսակվել: Պատճառներից մեկն այն է, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կարևոր է հաշվի առնել տարածաշրջանում բոլոր պետությունների շահերը և պահպանել, այսպես կոչված, կարմիր գծերը, որոնց մասին արդեն հայտարարել են հարթակի պետություններից մի քանիսը:

Այդ առաջարկության «հեղինակ» պետություններում՝ Ադրբեջանում և Թուրքիայում, հայատյացության մակարդակը նորանոր «ռեկորդներ է» գրանցում. Ադրբեջանում են շարունակում գտնվել տասնյակ հայ ռազմագերիներ, Ադրբեջանը բռնազավթել է Արցախի տարածքները, Թուրքիայում շարունակվում է հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը: Ի վերջո, այդ երկու պետությունների հետ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ:

Հայաստանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում կայունության, խաղաղության և համագործակցության ձևավորման օգտին և մինչ օրս հետևողական են այդ ուղղությամբ իրենց քայլերում: Սակայն դրա արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է նախ և առաջ ձևավորել վստահության մթնոլորտ, որը, ակնհայտորեն բացակայում է տարածաշրջանային երկրների միջև:

Հարց. Պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունների պայմաններում ինչպիսին եք տեսնում տարածաշրջանի հետագա զարգացումը: Ինչպիսին է Հայաստանը տեսնում հարաբերությունների իր ապագան բարեկամ պետությունների հետ: Ադրբեջանում Զարիֆը նշել է, թե Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչպես կգնահատեք Իրանի այս հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ այդ երկիրն իրեն դիրքավորում է որպես չեզոք միջնորդ ու հանդես գալիս տարածաշրջանային ծրագրերի առաջ մղմամբ:

Պատասխան. ԱԳ նախարար Զարիֆն արտահայտել է իր պետության մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, սակայն Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կարող են հիմք հանդիսանալ տևական խաղաղության համար։ Ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարարը իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում, միայն տարածաշրջանում հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում կայունության և անվտանգության առաջ մղման համար։
Ինչ վերաբերում է նոր իրողությունների պայմաններում տարածաշրջանի հետագա զարգացմանը, ապա Հայաստանի տեսլականն անփոփոխ է և ուղղված է բարեկամ պետությունների հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը և առկա հակամարտությունների կարգավորմանը: