Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Տարին սկսել ենք շատ ուժեղ տնտեսական ազդակով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է Եվրաբոնդերի նոր թողարկում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Թողարկել ենք 750 մլն դոլարի ամերիկյան պարտատոմս, և շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր Հանրապետության պատմության մեջ ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով, և սա իհարկե շատ կարևոր, ուժեղ  ազդակ է մեր տնտեսության համար»։

Թողարկման տոկոսը 3,8 տոկոս է։ 2019 թվականի թողարկումը  4,2 տոկոսով էր։ 

«Առաջարկն ու պահանջարկը եղել են բավականին մեծ, եղել է 3 մլրդի առաջարկ և պահանջարկ, բայց մենք ներգրավել ենք 750 մլն դոլարի»,- հայտնեց վարչապետը։

Ըստ նրա՝ սրանով մի քանի կարևոր երաշխիքներ են ձևավորվել տնտեսության համար․

«Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, երկրորդը, ըստ էության, կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում  է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն   էլ հավելեց՝  այս թողարկումը մինչ այժմ վարված համապարփակ քաղաքականությունների գնահահատականն է միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից։

Նախարարն անդրադաձավ նաև պետական պարտքի աճին։

«Առաջին հայացքից բացարձակ թվով աճը ընկալվում է որպես բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի, այլ կերպ ասած՝ երկիրը, որը պետական բյուջեում ունի դեֆիցիտ, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին։ Միակ դեպքը, որ կարելի է քննարկել բացարձակ թվով պարտքի նվազման մասին, այն է, երբ նպատակադրում արվի դեֆիցիտը հասցնել զրոյի, ինչ-որ ժամանակում դա կդառնա հնարավոր, բայց դա զարգացմանը նպաստող քաղաքականություն լինել չի կարող»,-նշեց Ջանջուղազյանը։