Բեղլոյանը պնդում է․ իր հայտարարությունները խեղաթյուրել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը զարմացել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությունից, թե իրեն պետք է մանդատից զրկել «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում արված իր հայտարարությունների համար։
Բեղլոյանը պնդում է՝ իր հայտարարությունները խեղաթյուրվել են, պատգամավորն ասում է՝ չի ասել՝ կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, չի ասել պետք չէ հետ նայել․
«Միակ նախադասությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի այն պնդմանը, թե Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը, ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող։ Ինձ վերագրվել են արտահայտություններ, որոնք ես չեմ ասել, կոնտեքստից կտրված արտահայտությունների վրա կառուցվել են հայտարարություններ»։
Լրագրողները միացրին Բեղլոյանի ձայնով անգլերեն ձայնագրությունը, խնդրելով, որ պատգամավորն իր ասածը թարգմանի բառացի, վերջինս իր խոսքը հետևյալ կերպ թարգմանեց․
«Ձեր խոսակցությունները, թե ումն է եղել այդ հողը և ով է եղել առաջինն այդ հողում՝ կարևոր չեն այն համատեքստում, որ հայերից ավելի լավ դա հիմնավորել որևէ մեկը չի կարող»:
Համատեքստում իր խոսքը հնչել է որպես ծաղրանք Ադրբեջանի ներկայացուցչի հանդեպ, -պնդում է Բեղլոյանը։
Անդրադառնալով պատերազմին ու հետևանքներին, Բեղլոյանը սա համարում է զինադադար, որը կարող է լինել երկարատև խաղաղ ապրելու սկիզբ, որի ընթացքում պետք է ուժեղանանք և կառուցենք ուժեղ երկիր․
«Այս պահին 7 շրջանը և ավելին հանձնված են Ադրբեջանին, պատերազմով հանձնված են։ Մենք պետք է Արցախի բնակչությանը պահպանենք Արցախում, պահպանենք Արցախի բնակչության անվտանգությունը ռուս խաղաղապահների հետ միասին, իրենց աջակցությամբ պետք է թույլ չտանք, որ այդ տարածաշրջանը հայաթափվի»։