Բացել լրահոսը Փակել լրահոսը
205731
A A
Տնտեսություն

ԿԲ նախագահը հաստատեց, որ ՀՀ 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ  Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր:

«Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,-ասել է  Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել:  Դա մի շարք հանգամանքներով է  պայմանավորված: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների մոտ բավականաչափ մեծ թվով գումար կա կուտակված, և իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել: Բացի այդ, վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում:Այս տարվա ապրիլին ռիսկի հավելավճարը եղել է մոտ 600 բազիսային կետ, հետո այն որոշակիորեն իջել է, եկել-հասել է 300 բազիսային կետ՝ հունիս-հուլիս ամիսների ընթացքում: Պատերազմի ընթացքում բարձրացել է  մինչև 600, այս պահի դրությամբ մոտ կրկնակի նվազել է:

«Այսինքն՝ միջազգային ներդրողների մոտ ընկալումը՝ երկրում մակրոկայունության վերաբերյալ, հստակ է: Սա ամենակարևոր մեսիջն է»,- ավելացրել է ԿԲ նախագահը:

Պատասխանելով  հարցին, թե արդյոք այդ 750 մլն դոլարը պետք է գումարել Հայաստանի պետական պարտքին՝ Գալստյանն ասել է, որ եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա՝ այո: