Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess woman
A A
Սպորտ

Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց շախմատի 1-ին խմբի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց կանանց շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը:

Ինը հնարավորից վաստակելով 8 միավոր, մրցաշարի հաղթող դարձավ 20-ամյա Արփինե Գրիգորյանը: Նա հատկապես գերազանց անցկացրեց առաջնության վերջնամասը՝ տանելով չորս անընդմեջ հաղթանակ:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Աստղիկ Հակոբյանը, որը առաջնության հայտնությունը դարձավ: 15-ամյա շախմատիստուհին շատ վստահ սկսեց մրցաշարը և մինչև 9-րդ տուրը Արփինե Գրիգորյանի հետ բաժանում էր առաջին տեղը: Սակայն, վերջին պարտիայում նա անսպասելի պարտվեց Միլենա Գասպարյանին և վաստակած 7 միավորով ցույց տվեց երկրորդ արդյունքը:

Բարձրագույն խմբի երրորդ ուղեգիրը նվաճեց 26-ամյա Նարե Առաքելյանը, որը վերջին երկու տուրերում նախ հաղթեց իր գլխավոր մրցակցին՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանին, ապա ոչ-ոքի խաղաց իրեն հետապնդող Վերոնիկա Խաչատրյանի հետ և վասըակած 6 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Զուգահեռ ընթացող տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը դեռևս շարունակվում է: Կայացած 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Մամիկոն Ղարիբյանը: Նրան հաջորդում են Դավիթ Շահինյանն ու Լևոն Բաբուջյանը, որոնք այժմ ունեն 6-ական միավոր:

Վաղը կայանալիք 10-րդ տուրում Մամիկոն Ղարիբյանը սևերով կմրցի հետնապահ Վահե Դանիելյանի հետ: Դավիթ Շահինյանը կհանդիպի մյուս հետնապահ Ալեն Երեմյանի հետ, իսկ Լևոն Բաբուջյանի մրցակիցը կլինի 11-րդ տեղում գտնվող Արշակ Մելքոնյանը: