Կա՞ արդյոք կառավարության հրաժարականի պահանջ. ի՞նչ փոխեց պատերազմը Վանաձորում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեսնում են արդյո՞ք վանաձորցիները Կառավարության հրաժարականի անհրաժեշտություն։ Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ա1+»-ի նկարահանող խումբը շրջեց Վանաձորում, զրուցեց քաղաքացիների հետ։
«Մենք ընդդիմություն չունենք, 17+1-ը այն մարդիկ են, ովքեր ժամանակին թալանել են էս երկիրը, այսօր ժողովուրդը ընտրել է իշխանություն և տեր է դրան»,-ասում է Վանաձորի հրապարակում հանդիպած քաղաքացին։
Մեկ այլ կին կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար, ըստ նրա՝ Հայաստանն օր օրի ավելի է վատանում։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, հարցված քաղաքացիներից մեկն ասում է՝ իշխանությունը հրավիրում է արտահերթ ընտրությունների, մինչդեռ ընդդիմությունը վախենում է, որովհետև ընտրություններում շատ ձայներ հավաքել չեն կարող․
«Վազգեն Մանուկյանը ո՞նց կարա բանակցի, եթե էսօր ինքը ժողովրդին բոմժ է ասում»,-հարց է բարձրացնում քաղաքացին։
«Անհապաղ պետք է փոխվի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանից սկսած իր խամաճիկների հետ միասին»,-պնդում է վանաձորցի մի կին՝ Նիկոլ Փաշինյանին համարելով դավաճան։
Միասնականության անհրաժեշտություն է տեսնում հարցված քաղաքացիներից մեկը և հիշեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մի քանի տարի առաջ իշխանության էին։
Հարցին, թե ի՞նչ փոխեց պատերազմը Վանաձորում, քաղաքացիներից մեկն արձագանքում է, թե ավելի հուսահատված են, ունեն զոհեր, անհետ կորածներ։
Վանաձորցիները բարձրացնում են աշխատանքի բացակայության, արտագաղթի խնդիրները։