Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գևորգն ասել է՝ կկրակեմ,կպահեմ, դուք դուրս եկեք․ 12 ընկերոջ կյանք փրկած հերոսն այսօր 20 տարեկան կդառնար (տեսանյութ)

Արցախյան պատերազմում անմահացած Գևորգ Բաբայանն այսօր կդառնար 20 տարեկան։ Պատերազմը, սակայն, 19 տարեկանում ընդհատեց նրա կյանքը:

Ջաբրայիլում 12 մարտական ընկերների կյանքը փրկած եւ վիրավորված  դիրքի ավագն ավելի քան 80 օր պայքարեց կյանքի համար, բայց թշնամու դիպուկահարի գնդակը կյանքի հետ անհամատեելի վիրավորում էր հասցել նրան։

Գևորգի մայրը՝ տիկին Լուսինեն, արցունքները հազիվ  է զսպում։   Որդու հերոսության մասին ընկերների պատմածն է  վերհիշում,  բայց նրա բացակայության հետ հարմարվել չի լինում

«Մարտական ընկերները զանգեցին ինձ, ասացի՝ իմ հերոս տղաներ, ո՞նց եք, ասացին՝ հերոսը մենք չենք, հերոսը Գևորգն է։ Գևորգը ասել է՝ ես միայնակ կկրակեմ, կպահեմ, դուք դուրս եկեք, պահել է, 12 երեխաները դուրս են եկել, հիմա կան, ողջ-առողջ են»։

Որդու հետ վերջին անգամ հենց վիրավորվելու օրը՝ հոկտեմբերի 5-ին է խոսել, ասում է՝ ձայնի մեջ դող կար, բայց փորձում էր զսպել․

«Ասեցի՝ Գև ջան, ձեզ լավ նայեք, շուտով կվերջանա ամեն ինչ, ասեց՝ մա՛մ, արդեն վերջացավ»,-հիշում է տիկին Լուսինեն։

Գևորգի հայրը  1993-94 թվականներին պահել է նույն դիրքերը, որտեղ այսօր ընկավ որդին։ 

Այս պատերազմում էլ երկու անգամ փորձել է հասնել որդու մոտ, կռվել նրա կողքին, բայց Գևորգն իմացել է,  հետ պահել հորը։

Գևորգը երկու քույր ունի, ավագ քույրը՝ Մերին, եղբոր լուսանկարները ձեռքում ամուր պահած , արցունքները կոկորդում խեղդելով՝ լսում է, պատմում՝ որքան կենսասեր, աշխույժ ու բարի էր եղբայրը, որքան էին կռվում և ինչքան արագ հաշտվում։

Մանկության տարիներից սպորտով զբաղվող տղան ծնողների խորհրդով փոխել էր որոշումն ու սկսել աշխատել՝ համալսարան ընդունվելու համար։

Իրավաբան դառնալու երազանք ուներ, բայց ընդունվել էր Երևանի  պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման բաժին.  համասարան մտնել, սակայն, Գևորգը  չհասցրեց.

Գեղարքունիքի մարզի Լճաշենում ծնված  տղայի կորուստը գյուղում բոլորն են սգում: