Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aragin
A A
Սպորտ

Տղամարդկանց առաջնությունում երկիշխանություն է, կանանց՝ մենիշխանություն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող շախմատի Հայաստանի առաջնության 1–ին խմբի մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնության մրցաշարի առաջատարներ՝ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և  միջազգային  վարպետ Մամիկոն Ղարիբյանը, հերթական հաղթանակը տարան՝ պարտության մատնելով համապատասխանաբար կանանց գրոսմայստեր Աննա Մ. Սարգսյանին և մրցաշարի կրտսեր մասնակից, 15-ամյա Արշակ Մելքոնյանին: Շախմատիստները վաստակել են 4-ական միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանցից կես միավոր քիչ ունի միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որն այս տուրում հաղթել է Վահե Դանիելյանին:

Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Մամիկոն Ղարիբյանը կհանդիպի Հայկ Գ. Վարդանյանի, իսկ Լևոն Բաբուջյանը՝ Արմեն Ար. Բարսեղյանի հետ:

Կանանց առաջնության 1-ին խմբում շարունակում է վստահ հանդես գալ Աստղիկ Հակոբյանը, որը ընթացիկ պարտիայում հաղթեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանին: Նա վաստակելով 4,5 միավոր, դարձավ միանձյա առաջատար: Իսկ ահա համաքայլ ընթացող Արփինե Գրիգորյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց Նարե Առաքելյանի հետ և կես միավորով ետ մնաց առաջատարից:

Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի մրցամարտերը: Աստղիկ Հակոբյանը սևերով կհանդիպի ՖԻԴԵ-ի երկրորդ վարպետ Մարիամ Ավետիսյանի հետ, իսկ Արփինե Գրիգորյանը կմրցի Աննա Խաչատրյանի հետ: