Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 26-ը հունվարի․ Հայաստանը մնաց ձմեռային ժամային գոտում (տեսանյութ)

1998-ի հունվարի 26-ին ընդդիմությունը կանխատեսում է, որ փետրվարին Հայաստանի իշխանության փոփոխություն է լինելու։ Սակայն ընդդիմադիր գործիչները հույս ունեն, որ Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո հասարակական կազմակերպություններից եւ կուսակցություններից մի խումբ կձեւավորվի, որն էլ 40 օրով իշխանությունը կվերցնի իր ձեռքը, մինչեւ կընտրվի նոր նախագահ։

Ազգային Ժողովի 1/3-րդը՝ 70 պատգամավոր, դիմել է Սահմանադրական դատարան այն հարցով, որ հեռահաղորդակցության օրենքի հոդվածներից մեկը հակասում է Սահմանադրությանը։ Ըստ այդ հոդվածի, հեռահաղորդակցության ցանցի մենաշնորհը «Արմենթելինն» է, մինչդեռ Սահմանադրության 8-րդ հոդվածով պետությունը պետք է երաշխավորի տնտեսական գործունեության ազատություն։ Դատարանն 1999-ի հունվարի 26-ին ընդունում է հայցը։

2000-ի այս օրը Վանո Սիրադեղյանը անդրադառնում է ամբաստանյալ Վահան Հարությունյանի նախորդ օրվա այն մեղադրանքին, որ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվեց, երբ հայտարարեց, որ Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու համար մտնելու է խորհրդարան ։ Պարոն Սիրադեղյանի ձեռքին է «Հայաստանի Հանրապետություն» թերթի այն համարը, որտեղ նշված է, որ Խաչատրյանի մոտ վերջինը մտել է գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու այլեւս դուրս չի եկել։

Հայ-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը Վազգեն Սարգսյանն անձամբ է ներկայացրել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ալբերտ Գորին ։ 2000-ի այս օրը վարչապետ Արամ Սարգսյանի մասնակցությամբ ստորագրվում է հայ-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու մասին հուշագիրը։

2001-ի հունվարի 26-ին Աշոտ Մանուչարյանը բողոքում է Ռուսաստանից Հայաստան եկած եւ իշխանափոխություն նախաձեռնած Արկադի Վարդանյանի ձերբակալության դեմ։ Կոմունիստ Խորեն Սարգսյանի կարծիքով Վարդանյանի ձերբակալությունը մյուս ուժերի համար ծառայում է որպես զսպաշապիկ։ Վարդանյանի փաստաբանն, ի դեպ, ոչ հաստատում է, ոչ էլ հերքում, որ ԱԱԾ մեկուսարանում օրերս Սերժ Սարգսյանը հանդիպել է ամբաստանյալին։

2001-ի այս օրվանից Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերը կունենա խմելու ջուր, որից զրկված էր յոթ տարի ։ Ամերիկյան «Քրիստոսի վերջին օրերի սրբերի» կրոնական կազմակերպությանն է պարտական այդ հիվանդանոցը ջրագծի համար։ Հերթը ճապոնական խոշոր դրամաշնորհինն է, որը տեխնիկապես պիտի որ հագեցնի դիսպանսերը։ Մեկ տարի հետ այս օրն արդեն խնդիր է նույն դիսպանսերի կոյուղաջրերի հարցը։ Ախտահանող կայանը 16 տարի չի աշխատում։ Դրանք կարող են խառնվել խմելու ջրին։ 100 հազար դոլար է պետք։ Ի դեպ, այնպես չէ, որ տուբերկուլոզով հիվանդներն էլ վազում են բուժվելու ։

Քրիստոնեության 1700-ամյակը կարող է իսկական փորձանք դառնալ Ամիրյան փողոցի այս բարձրահարկի բնակիչների համար։ Շենքի տանիքին Խոսրով Հարությունյանի հրահանգով ծանր մետաղյա կոնստրուկցիաներով գովազդային երկու վահանակ է կանգնեցվելու։ Ավելին, այդ վահանակների լուսավորության ծախսը պիտի որ հանձվի բնակիչներից։

2002-ի այս օրերին հայ մայրերը նամակներ են ստանում սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներից։ Յուրաքանչյուր ծնող նամակն ստանում է իր ձեռքով, առանձնանում ու կարդում, ծնողներն իրենք են ստեղծել սեփական կապի ծառայությունը։ 2012-ի հունվարի 26-ին կառավարության որոշմամբ Հայաստանում այլեւս ժամերը հետ ու առաջ չեն տրվի։ Հայաստանը կմնա ձմեռային ժամային գոտում։ Այսպիսով, Հայաստանը Վրաստանի եւ Ռուսաստանի Արեւմուտքի հետ կհայտնվի միեւնույն ժամային գոտում։