Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aragin
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի 1-ին խմբի երկու մրցաշարերում փոխվեցին առաջատարները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբերի 4-րդ տուրի պարտիաները։

Տղամարդկանց մրցաշարի կենտրոնական պարտիայում միանձնյա առաջատար Արթուր Դավթյանը պարտություն կրեց իրենց հետապնդող Լևոն Բաբուջյանից։ Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Տիգրան Հարությունյանը տանուլ տվեց Մամիկոն Ղարիբյանին։ Այս տուրում հաղթանակ տոնեց նաև Հայկ Վարդանյանը։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Լևոն Բաբուջյանն ու Մամիկոն Ղարիբյանը։ Արթուր Դավթյանը և Դավիթ Շահինյանը 2,5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները։

Կանանց մրցաշարի միանձնյա առաջատար Նարե Առաքելյանը ընթացիկ տուրում պարտություն կրեց Աստղիկ Հակոբյանից։ Հաղթանակներ տարան նաև Արփինե Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Վերոնիկա Խաչատրյանը;

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը։ Նարե Առաքելյանը և Վերոնիկա Խաչատրյանը 3-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները։

Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները։ Կանանց առաջնության կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն Աստղիկ Հակոբյանն ու Աննա Խաչատրյանը։ Տղամարդկանց առաջնության առաջատարները՝ Լևոն Բաբուջյանն ու Մամիկոն Ղարիբյանը, կմրցեն համապատասխանաբար Աննա Սարգսյանի և Արշակ Մելքոնյանի հետ։