Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Խ․Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները չեն պատրաստվում աշխատել այլ տնօրենի հետ (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարության մոտ այսօր հավաքվել էին Աբովյան քաղաքի Խ․Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները։
 
Հունվարի 22-ին դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր տեղի մրցույթ, մրցույթի մասնակից երկու թեկնածուները ստացել են հավասար՝ 4-ական ձայներ, այս դեպքում որոշում կայացնողը ԿԳՄՍ նախարարն է: Թեկնածուներից մեկը գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն է, մյուսը՝ Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհին։ 
 
 նախարարության մոտ հավաքված ուսուցիչներն ու աշակերտները նախարարին հանձնեցին, դիմում և խնդրեցին, որ տնօրենի պաշտոնում կրկին նշանակվի  գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը։
 
Նախարարության մոտ հավաքված ուսուցիչները լրագրողների հետ զրույցում ասացին՝ մեկ տարի առաջ դպրոցի կառավարման խորհրդի կազմը թարմացվել է, որպես նախարարության երեք և մարզպետարանի մեկ ներկայացուցիչ՝ կառավարման խորհրդի անդամ են նշանակվել այն ժամանակվա կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները։
 
Դպրոցի ուսուցիչներից Անահիտ Սողոմոնյանը պնդեց, թե տնօրենի նոր թեկնածուն՝ Ք․Առաքելյանը, փաստաթղթերը դպրոց է ներկայացրել թեկնածուների գրանցման վերջին օրը, ավարտից ընդամենը կես ժամ առաջ․
 
«Մենք ընտրողներին հարց ենք տվել՝ դուք դպրոցից ընդհանրապես գաղափար ունե՞ք , եթե խորհրդի անդամ եք, եկե՞լ եք դպրոց, հարցրե՞լ եք՝ ինչի կարիք ունենք, երբևէ չեն եկել»։
 
Ուսուցիչը պնդեց, թե անցնող հինգ տարիների ընթացքում գործող տնօրենը շատ մեծ գործ է կատարել դպրոցի համար։
 
Ուսուցիչներից մեկն էլ պնդեց, թե անձնակազմը չի պատրաստվում աշխատել այլ տնօրենի հետ, ասաց՝ դիմումները պատրաստ են, տնօրենի փոփոխության դեպքում ամբողջ կոլեկտիվով դուրս կգան աշխտանքից։
 
Ըստ ուսուցչական կոլեկտիվի ներկայացրած դիմումի՝  Աբովյանի 10–րդ հիմնական դպրոցը ներկայացնող տնօրենի թեկնածուն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։
 
Աշակերտական խորհրդի նախագահ Սոսե Ստեփանյանն  էլ հավելեց, թե եթե իրենց պահանջին ընդառաջ չգնան, նոր տնօրենի նշանակման դեպքում կդիմեն դասադուլների։
 
ԿԳՄՍ նախարարության դիմաց հավաքված՝  դպրոցի անձնակազմի անդամներից մի քանիսին նախարարությունից հրավիրեցին քննարկման։