Աշակերտների թվով ֆինանսավորումը չի փոխարինվել դասարանների թվով ֆինանսավորմամբ․Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսային համավարակը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց կրթության հասանելիության և հավասարության տեսանկյունից, սակայն Հայաստանի պարագայում խնդիրներն առավել բարդացան պատերազմական իրավիճակում․
«Բացի համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրներից, որպես առաջնահերթություն ունեցանք նաև Արցախի հանրապետության երեխաների համար կրթության շարունակական ապահովման հարցը։ Այսօր էլ մեր դպրոցներում ավելի քան 7000 արցախցի երեխաներ ունենք», - ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից առաջինը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգի մասին է, որն օրենքի այս փոփոխությամբ կարող է ընդունվել որպես Կառավարության որոշում․
«Մենք նախատեսում ենք, որ այս տարի նախադպրոցական հաստատությունների, քոլեջների և ուսումնարանների համար տեղեկատվական համակարգերն ամբողջությամբ կգործեն։ Սրա համար, իհարկե, մի շարք խնդիրներ կան լուծելու։ Տեղեկատվական համակարգում նախատեսում ենք նաև ատեստատների թվայնացման գործընթացը», - ասաց Ժաննա Անդրեասյանը։
Երկրորդը, որ օրենքի փոփոխությամբ հնարավոր է լինում ավարտին հասցնել, նրա խոսքով՝ ֆինանսավորման կարգն է։ Մասնավորապես՝ հստակեցվել է, որ նախկինում սահմանված մեկ սովորող թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով, ինչը թույլ է տալիս կախված հաստատության տիպից և իրականացվող կրթական ծրագրի առանձնահատկություններից ընտրել ֆինանսավորման սկզբունքը, որը կարող է լինել ինչպես սովորող թիվը, այնպես էլ խումբ կամ դասարան թիվը․
«Աշակերտների թվով ֆինանսավորումը չի փոխարինվել դասարանների թվով ֆինանսավորմամբ։ Այդ դրույթը վերաձևակերպվել է այնպես, որ այն պարագաներում, երբ դպրոցներում սովորողների թիվը շատ փոքր կլինի, մենք կկարողանանք ունենալ գործելու ճկունություն։ Դասարանական ֆինանսավորման սկզբունքն առավել արդյունավետ է փոքր դպրոցների և հատկապես գյուղերի դեպքում», - ասաց նա։
Խոսելով այն դպրոցների մասին, որոնք մանկավարժական խորհրդի որոշմամբ անցել են 5-օրյա ուսուցման, Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ուսումնական պլանի վերջին փոփոխություններով հնարավորություն էր տրվել դպրոցներին սահմանելու 5-օրյա կամ 6-օրյա ռեժիմ․
«Մենք խրախուսում էինք, որ այն դպրոցները, որ չունեին դասարանները կիսելու խնդիր, անցնեին 5-օրյա ռեժիմի, քանի որ ամեն օր բոլոր դասարաններին կարող էին կանչել դասի։ Իսկ այն դպրոցներում, որտեղ դասարաններն առավել խիտ էին, կարող էին իրենք որոշել՝ ինչպես գնալ դասի։ Մենք առողջապահության նախարարության հետ քննարկում ենք հանել մեկ դասարանում առավելագույնը 20 աշակերտի առկայություն թույլատրող դրույթը», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում