Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

5000 տնտեսվարող դեռևս կիրառում է հին սերնդի ՀԴՄ․ նրանց նկատմամբ հսկողությունն ավելանալու է (տեսանյութ)

 2020 թվականի համար նախատեսված էր տրիլիոն վեց հարյուր յոթ միլիարդ եկամուտների հավաքագրում, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվել և նվազեցվել է մինչև տրիլիոն երեք հարյուր քսանվեց միլիարդ․ Ասում է  ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանտ՝ ամփոփելով 2020 թվականն ու ներկայացնելով  2021-ի անելիքները։

«Դրա դիմաց ՊԵԿ-ի կատարողականը կազմել է շուրջ տրիլիոն երեք հարյուր ութսունհինգ միլիարդ դրամ։ Այսինքն, ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 միլիարդ դրամով տեղի է ունեցել գերակատարում։ 2019 թվականի հետ ցուցանիշները համեմատելի չեն, քանի որ 2020-ի մարտից կորոնավիրուսը ակտիվացավ Հայաստանում և ցուցանիշները տարբեր էին։ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, որը նույնպես ՊԵԿ-ի կողմից հավաքագրած գումարն է», - ասաց նա։

2020 թվականի հունվար-մարտ ամիսներին աշխատատեղերի թվաքանակի աճ է  գրանցվել  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընդ որում՝ խոսքը եկամուտ ապահոված աշխատատեղերի մասին է

Աշխատատեղերի աճը, նրա խոսքով, հիմնականում արձանագրվել է մանրամեծածախ առևտրի, հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

«Անկումը հիմնականում նկատվեց մարտից՝ սահմանափակումներով պայմանավորված։ Օրինակ, ապրիլին աշխատողների թվաքանակն արդեն հասել էր շուրջ 547 հազարի, երբ մարտին 620 հազար էր։ Սակայն, տարեկան կտրվածքով, ամսական միջին թվաքանակը 2020-ին կազմել է շուրջ 609 հազար, իսկ 2019-ին՝ 602 հազար։ 2020 թվականին վիճակագրությունը ցույց էր տալիս, որ տնտեսվարող սուբյեկտները աշխատատեղերի մասով հարկային կարգապահությունը պահպանում էին։ Իրենց համար արդեն ընկալելի էր այն հանգամանքը, որ ավելի ձեռնտու էր գրանցել աշխատակիցներին, քան չգրանցել», - ասաց նա։

Այս տարվա ծրագրերի և անելիքների մասին խոսելիս Կարեն Թամազյանը նշեց՝ հիմնական ուղղություններից մեկը լինելու է հին սերնդի  ՀԴՄ կիրառող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հսկողությունը․

«Ինչպես գիտենք, 2019 թվականի հունվարի 1-ից բոլոր հարկ վճարողների համար նոր սերնդի-  ՀԴՄ- ները պարտադիր են։ Նորերը հնարավորություն են տալիս հարկային մարմնին օնլայն  հետևել տպված կտրոններին։ Մեր հաշվարկներով, 2021թ․ հունվարի դրությամբ շուրջ 5000 տնտեսվարող դեռևս կիրառում է հին սերնդի ՀԴՄ», - ասաց նա։

Երկրորդ հիմնական ուղղությանը լինելու է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ հսկողությունը։