Բացել լրահոսը Փակել լրահոսը
5E1EE782-A190-4CB6-8C83-99061B1F883D_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Ինչ են ակնկալում ամերիկահայ կառույցները Բայդընի վարչակազմից

Ամերիկայի Ձայն

Ամերիկահայ կառույցները ձևավորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ Ամերիկայի ձայնը զրուցել է ամերիկահայ կազմակերպությունների հետ

Ամերիկահայ կազմակերպությունները ողջունել են ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդընի ընտրությունը: Ամերիկայի հայկական համագումարն ու Հայ Դատի հանձնախումն առանձին հայտարարություններով պատրաստակամություն են հայտնել աշխատել նոր վարչակազմի հետ՝ ընդգծելով, որ նախագահ Բայդընը լավատեղյակ է հայկական օրակարգից:

՛՛Բայդընը քաջատեղյակ է Հայաստանի ու Արցախի մասին Սենատում իր տասնամյակների գործունեության շնորհիվ, ինչպես նաև որպես փոխնախագահ: Պետք է խոստովանենք, որ որպես սենատոր շատ ավելի բարենպաստ ու հստակ կեցվածք ուներ Հայաստանի ու Արցախի վերաբերյալ՛՛,- նշում է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:

՛՛Եթե նայենք այն դիրքորոշումներին, որոնք հայտնել էր որպես թեկնածու փոխնախագահ Բայդընը հայկական խնդիրների մասին և այն դիրքրոշումներին, որոնք հնչել են Էնթոնի Բլինքենի պետքարտուղարի պաշտոնում նշանակման լսումների ժամանակ, ապա կարող ենք տեսնել, որ այս արձագանքները համապատասխանում են հնչեցրած խոստումներին՛՛,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր, մարդասիրական ու ռազմական օգնություն Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն արգելող 907 ենթաբաժնի կիրառում: Ամերիկահայ կազմակերպությունները բարձրաձայնում են իրենց օրակարգը՝ հույս հայտնելով, որ նոր վարչակազմը հետևողական կգործի ամերիկահայությանը հուզող հարցերում:

Առաջնային խնդիրներից է, սակայն, ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակն անցած տարվա պատերազմի արդյունքում, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության և մարդասիրական բնույթի մարտահրավերները: Ամերիկահայ կառույցները հորդորւոմ են վարչակազմին վերականգնել ԱՄՆ ակտիվ դերակատարումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

''Մեզ համար հայ ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունն առաջնային հարց է: Պետք է վստահ լինենք, որ մարդասիրական օժանդակությունը հասնում է հայ ժողովրդին և որ, իհարկե, ԱՄՆ-ը ստանձնում է առաջատարի դեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՛՛,- ասում է Արդունին:

''Համագործակցելով Կարմիր խաչի հետ՝ ամերիկյան կառավարությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով, որպեսզի հայ ռազմագերիները վերադառնան իրենց ընտանիքներ՛՛,- կարծում է Չուլջյանը:

Օրերս նոր վարչակազմի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը գրավոր անդրադարձել էր ԼՂ հետ կապված շատ խնդիրներին: Նա հիշեցրել էր, որ նախագահ Բայդընը կողմնակից է ԱՄՆ-ի դիվանագիտական ակտիվ ներգրավվածությանը՝ տևական կարգավորմանը հասնելու համար և շեշտել` իր հաստատման դեպքում նա կխթանի Մինսկի խմբի և դիվանագիտական այլ խողովակների միջոցով ԱՄՆ-ի ակտիվ գործունեությունը` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` երրորդ կողմերի միջամտությունը կանխելու համար:

Բլինքենն աջակցում է Հայաստանին անվտանգության, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտների օգնության տրամադրմանը, կողմնակից է ղարաբաղյան ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը: Հաստատման դեպքում նա պատրաստ է աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության օգնության մակարդակը:

Իրենց հերթին ամերկիկահայ շրջանակները շարունակոեւմ են մտահոգություն հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ՝ կոչ անելով Բայդընի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և կիրառել Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժինը, որով արգելվում է ուղիղ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել ԼՂ և Հայաստանի դեմ ուժի կիրառումից: Ըստ Եղիսաբեթ Չուլջյանի՝ նախագահ Բայդընը Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժնի ընդունման աջակիցներից մեկն էր ԱՄՆ Սենատում:

Այս կապակցությամբ Բլինքենն իր գրավոր արձագանքում ընդգծել էր, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված ռազմական գործողությունները՝ նոր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Նա չբացառեց 907 ենթաբաժնի չեղարկումից հրաժարումը, եթե հանգամանքները թույլ տան: