Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2020-09-08_18-29-43
A A
Հասարակություն

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում. դատարանը բավարարել է հայցը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

«Ամատունի Սասունիկի Վիրաբյանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ ` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:

Ամատունի Սասունիկի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը ճանաչել անվավեր:

Ամատունի Սասունիկի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:

Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Սասունիկի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում: