Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե իշխանությունը վստահ չէ 82 պատգամավորների վրա, որ եթե ես առաջադրվեմ, կարող են ինձ ընտրել, դա այլ հարց է․Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ եղել է առաջարկություն՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Մեզ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի՝ մասնավորապես խոսքը եղել է իմ թեկնածության մասին»։

Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցիների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կոնսենսուս չի եղել, և հուշագրի ստորագրման թեման փակվել է․

 «Այն, որ մենք բանավոր ասում ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, թող հրաժարական տան, դա չի նշանակում, որ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրելու»,-ասաց նա։

Մարուքյանը պնդեց՝ իշխանությունն ունի 82 պատգամավոր, ովքեր կարող են չընտրել վարչապետ, և խորհրդարանը կցրվի․

«Եթե իրենք վստահ չեն իրենց 82 պատգամավորների վրա, որ եթե ես առաջադրվեմ, կարող են ինձ ընտրել, դա այլ հարց է, եթե վստահ են՝ ի՞նչ խնդիր կա խորհրդարանը ցրելու։ Կամ իրենք պիտի ասեն, որ մենք վստահ չենք մեր թիմի վրա, կամ իրենք պիտի հանգիստ հրաժարական տան»,-ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նաև տեղեկացրեց՝ կոնտր-հուշագիր են առաջարկել իշխանությանը․

«Ես առաջարկել եմ, որ պայմանավորվում ենք, որ իմ ընտրվելու պարագայում հոկտեմբերի մեկին հրաժարական եմ տալիս, չեմ առաջադրվում,  խորհրդարանը ցրվում է, ու գնում ենք ընտրությունների։ Չի եղել համաձայնություն, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկա ընտրություն»,-նշեց ԼՀԿ ղեկավարը։

 Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի բարեփոխումներին՝ Մարուքյանը հայտարարեց՝ առաջարկել են ամբողջ Հանրապետության ամբողջ տարածքում պահպանել ռեյտինգային ընտրակարգ, սրա վերաբերյալ եղել է բանավեճ, մինչ այս պահը, ըստ Մարուքյանի, տեղեկություն չունեն՝ որ նախագծի վրա է աշխատում իշխանությունը․

«Մենք ունենք բամբասանքի մակարդակի տեղեկություն, որ իշխանությունն ունի նախագիծ, որը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Ես պիտի զանգահարեմ տիկին Մակունցին և խնդրեմ, որ նա ինձ տա այդ նախագիծը, որ կարդանք ու հասկանանք, թե ինչ կա այդ նախագծում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե  գերիների մասին որոշ հայտարարություններ վնասում են գործընթացին՝ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ մինչ հունվարի 11-ը՝ մոսկովյան հանդիպումը, իրենք լռում էին, բայց գերիների հարցով այդպես էլ որևէ լուծում չեղավ։ 

Մարուքյանը նշեց, որ ադրբեջանցիները խախտում են բոլոր կետերը ոչ միայն համաձայնագրի, այլև միջազգային բոլոր իրավունքների, դրա համար այսօր պետք է աղաղակել այս խնդրի մասին և ոչ թե լռել․

«Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի, ճնշի, որ Ադրբեջանը Հայաստանից և Արցախից իր մոտ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնի»,-ասաց Մարուքյանը։