Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց Դավիթ Անանյանի պնդմանը, թե ինքը ստել է (տեսանյութ)

Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը երեկ խորհրդարանին ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ 13 էջանոց զեկույց։ Իշխանությունից պնդել են, թե հանձնաժողովը  ձախողել է իր աշխատանքները: 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հանձնաժողովի նախագահ, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց՝ ՊԵԿ այլևս նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել է մի շարք հարցերի քննարկման, Անանյանը, սակայն, չի ներկայացել:

Բագրատյանը ներկայացրեց ՊԵԿ ուղարկված պաշտոնական գրությունների թղթային տարբերակները, ասաց` նաև զանգով Դավիթ Անանյանի քարտուղարուհուն տեղեկացրել է հանձնաժողովի նիստերի մասին, սակայն արձագանք չի ստացել:

Հիշեցնենք՝ Դավիթ Անանյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Բագրատյանը ստում է.

«Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ինչ-որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին: Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տասն անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին: Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»,-մասնավորապես նշել էր նա:

Բագրատյանն այսօր հավելեց՝ իրենց համար խիստ կարևոր էր հասկանալ, թե «Լիդիան Արմենիա» ընկերության ծախսային մասում կա՞ն հավելագրումներ, թե ոչ: Այդ պարզաբանումները կարող էր տալ միայն ՊԵԿ-ը.

«Այդ հարցերի պատասխանները չստացանք, դրանով իսկ չկարողացանք ապացուցել տվյալ գործընթացի հավաստիությունը: «Լիդիան Արմենիա»-ի ծախսային մասում կան ներկրումներ, որոնք  այդպես էլ չկարողացանք բացահայտել քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամանակ: «Լիդիան»-ը ներկրել է 2000-ից ավելի ջահեր, ցանկանում ենք հասկանալ, թե այդ ջահերը ինչ նպատակով պետք է օգտագործվեր տվյալ ոլորտում»: