Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ակնհայտ է, որ տնտեսական ճգնաժամը բավականին խորն է. Արկադի Խաչատրյան (տեսանյութ)

Հարյուրավոր հարցեր կան՝ կապված համավարակի տարածման, կանխարգելման եւ բուժման արդյունավետության, մարդու իրավունքների սահմանափակման, հետեւանքների վերացման կամ մեղմման գործողությունների արդյունավետության հետ կապված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողով ձեւավորելու հարցին:

Խաչատրյանը գլխավորելու է քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրելու է կորոնավիրուսի տարածման հանգամանքները:

Խաչատրյանի պնդմամբ՝ կարեւոր է նաեւ, որ որոշումները ճիշտ ժամանակին կայացվեն, որովհետեւ եթե անգամ ճիշտ որոշումն ուշ է կայացվում, դա ունենում է տնտեսական գին, երբեմն նաեւ մարդկային կյանքեր է արժենում.

 «Այս հարցերի պատասխաններն ստանալուց հետո նոր միայն հանձնաժողովը կկարողանա եզրահանգումներ անել: Ուսումնասիրության առարկա պետք է դառնան սուբյեկտիվ հարցեր, թե որ դեպքերում մենք կարող էինք ավելի արդյունավետ գործել, և ինչպիսի խնդիրների է բախվել առողջապահական և որոշումների ընդունման համակարգը»,- ընդգծեց Խաչատրյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ քննիչ հանձնաժողովը կգնահատի՝ կորոնավիրուսի դեմ պայքարը որ մասերով է տապալվել. 

Ինչ վերաբերում է  տնտեսական իրավիճակին, Խաչատրյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ տնտեսական ճգնաժամը բավականին խորն է, ինչը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ հետպատերազմյան իրադարձություններով.

 «Սոցիալական բեռը պետության համար ավելացել է: Դա էր պատճառը, որ մենք կարծում ենք, որ 2021-ի բյուջեն պետք է վերանայվի, առհասարակ նոր նախագիծ պետք է ներկայացվի: Մարտահրավերները շատ են, լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի, որը  կնախատեսի ինչպես ՀՀ պաշտպանության ռազմավարությունը, նաեւ տնտեսական, սոցիալական բաղադրիչները: Լուծումը տնտեսության արդիականացնումն է եւ որակական շեշտադրումները, որովհետեւ տեխնոլոգիական վերազինումը, կրթական  բարեփոխումներն այլընտրանք չունեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հրատապ լուծումներին, Խաչատրյանն ասում է՝ արդեն երկու ամիս անցել է, կառավարությունը պետք է շատ լուրջ քայլեր կատարեր նոր անվտանգային ռազմավարության  մշակման համար, սակայն այդ ամենը  ածանցյալ է նաեւ անվտանգային խնդիրներից.

«Թիվ մեկ հարցը, որ մեր հասարակությանը հուզում է, գերիների վերադարձի հարցն է,  նաեւ բազմաթիվ ընտանիքներ սպասում են մեր նահատակված հերոսների աճյուններին: Հետեւաբար կարծում եմ, որ անվտանգային խնդիրներից ածանցվող հարցեր են սրանք: Նաեւ առկա է քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցը, առանց քաղաքական կայուն միջավայրի հնարավոր չէ գլոբալ շատ խնդիրներ լուծել այս պահին»,-նշեց Խաչատրյանը՝ շեշտելով նոր անվտանգային ռազմավարության անհրաժեշտության մասին: