Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. պատգամավոր Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Որոշում  կայացնելուց առաջ քննարկում եմ ունեցել և՛ քաղաքական թիմի հետ, և՛ խմբակցության ղեկավարի հետ, և կար ընդհանուր ընմբռնում իմ կայացրած որոշման շուրջ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, նոր ու անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Վերջինս պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունը իր հավաքած ձայների մասով կարևոր է եղել, բայց իր ստացած 5500 ձայների զգալի մասը տրվել է իրեն։

«Ես այստեղ եմ սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում»,-ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, Գրիգորյանն ասում է՝ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա․

«Կարծում եմ՝ այսօր հնարավոր չէ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, շատ լարված է իրավիճակը, և հնարավոր են քաղաքացիական բախումներ. այդ առումով, կարծում եմ, հնարավոր չէ կազմակերպել արտահերթ ընտրություններ»։

Գրիգորյանն ասաց՝ կողմ է անցումային կառավարման ձևավորմանը, միևնույն ժամանակ պնդեց՝ չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական խմբավորման․

«Ես չեմ տեսնում, որ հստակ լինեն զրույցներ Հայաստանի ապագայի վերաբերյալ»։

Գրիգորյանն ասաց՝ միջանկյալ կառավարություն ասելով՝ նկատի ունի տեխնոկրատների կառավարություն, թե որ ուժերին է տեսնում, անկախ պատգամավորը անուններ չնշեց․

«Ես այս պահին չեմ տեսնում մարդկանց, ովքեր կարող են տեխնոկրատ կառավարություն ձևավորել»։

Գրիգորյանը մատնանշում է հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը և պնդում՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը, և այս իշխանոթյուններն այլևս ներուժ չունեն՝ բանակցությունները շարունակելու։

Գրիգորյանը պնդեց՝ ներկայացնում է նաև սյունեցիների դիրքորոշումը։

«Մենք այսօր Սյունիքում ունենք 57 սահմանային բնակավայրեր, մարդիկ այնտեղ ունեն լրջագույն խնդիրներ, ես պատրաստ եմ նրանց կողքին կանգնել՝ ամեն վայրկյան աջակցություն ցուցաբերելու համար։ Տեղ համայնքում մարդիկ արոտավայրեր են կորցրել, ստացվում է, որ նրանց համար զբաղվածության խնդիր պետք է լուծել, և այսօրվա թիվ մեկ օրակարգը պետք է լինի ոչ միայն նրանց անվտանգության ապահովումը, այլ նաև հարցը՝ ինչպես անել, որ այդ բնակավայրերը չհայաթափվեն»։

Անկախ պատգամավորի խոսքով՝ 2018-ին ընդգրկված է եղել իշխող ուժի ցուցակում, բայց դրանից հետո որևէ քաղաքական համագործակցություն չի ունեցել թիմի հետ, ավելին՝ քաղաքականությամբ չի զբաղվել։

Գրիգորյանը պնդեց՝  տեղի ունեցածի և՛ թիվ մեկ պատասխանատուն, և՛ թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․

«Ունենք նաև բազմաթիվ այլ մեղավորներ, 30 տարվա ընթացքում մենք բոլորս ունեցել ենք մեղավորություն, բայց թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է շարունակել բանակցությունները»։