Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին. Արա Այվազյանը՝ ռազմագերիների խնդրի մասին (տեսանյութ)

«Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, եղել է և մնում է»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, թե Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին․

«Ժամանակին Հայաստանը իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքերի ամբողջական փաթեթը։ Ադբեջանի կողմից Կազանի փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա։ Նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել է համաձայնություն բանակցել հիմնարար սկզբուքների հիման վրա»,-նշեց Այվազյանը։

Վարչապետի հոդվածում արված պնդումներին և Պոպովի հայտարարության հետ հնարավոր հակասություններին նախարարը չանդրադարձավ, ասաց՝ վարչապետի մտքերը մեկնաբանվում են կոնտեքստից կտրված։ Նախարարը վերահաստատեց՝ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար եղել և մնում է հիմնահարցի կարգավորման կարևորագույն տարրը․

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, հրադադարի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված լինել, քանի որ իրականացված չեն բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման հարցը»։

Նախարարն անդրադարձավ նաև ռազմագերիների խնդրին, ասաց՝ հարցը մեկ օրվա լուծվելիք չէ․ «Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում, առիթը բաց չենք թողնում, որ այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում։ Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն որպեզի դա տեղի ունենա, նախապայման է վստահության հաստատումը, և եթե Ադրբեջանը չի կարտարում իր պարտավորությունը հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»։

Նախարարը կոչ արեց վստահել իրենց ջանքերին, և այս հարցը կստանա դրական լուծում։