Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը քաղաքական ջրի երեսին մնալու համար պատրաստ է կրկին վտանգել Հայաստանի անվտանգությունը․ Գորգիսյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը,  «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի  մոսկովյան այցին և եռակողմ հանդիպմանը, շեշտեց, թե որևէ լավ սպասելիք չունի․

«Ինչպես հրապարակային ասվել է, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, իսկ դա առաջին հերթին անվտանգային խնդիրներ է առաջացնում, որովհետև եթե Սյունիքի հյուսիսով անցնեն ճանապարհներ, այլ մարզերով անցնեն ճանապարհներ, հարց է առաջանում՝ այս պարագայում ինչպե՞ս ենք մենք անվտանգություն ապահովելու, ինչպե՞ս ենք վերահսկելու, որ դիվերսիոն խմբեր չներթափանցեն, ամեն նոր քայլով Փաշինյանը մեծացնում է անվտանգային ռիսկերը մեր երկրի համար»։

Գորգիսյանը համոզված է՝ այս հանդիպումից մենք կարող ենք ստանալ նվազագույնը, որովհետև Փաշինյանը շարունակում է մնալ նույն պարտված ղեկավարը, ով ստորագրել է խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը․

«Նա եթե մի քիչ սիրեր մեր հայրենիքը, մի քիչ նվիրված լիներ ՀՀ-ին, հենց ամսի 10-ին հրաժարական կտար՝ թույլ տալով, որ գա մեկ այլ մարդ, ով կունենա շանս՝ մեկ այլ բան բանակցելու»։

Մեր դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ գործնթացը սկսվել է Փաշինյանի օրոք, և նա էլ պետք է հասցնի ավարտին, Գորգիսյանն արձագանքեց․

«Այդ տրամաբանությամբ մենք կարող էինք Ռոբերտ Քոչարյանին հավերժ թագավոր կարգել, որովհետև նա բանակցում էր լավ, թող բանակցեր մինչև վերջ, կամ նույն կերպ Լևոն Տեր-Պետրոսյանին կարգեինք հավերժ, որովհետև նրա օրոք էր պատերազմը, սա անտրամաբանական մոտեցում է»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Գորգիսյանն ասում է․

«Փաշինյանը կրկին ուզում է անել պետության և պետականության դեմ քայլ միայն մի պատճառով, որովհետև իր հաշվարկներով ինքը հիմա ունի ավելի շատ վարկանիշ, քան կարող է ունենալ, օրինակ, մեկ տարի հետո։ Հիմա ասում է՝ եթե գնամ, Քոչարյանը կգա, ու այդ վախով ժողովրդից պոկելու է հնարավորինսս շատ ձայներ»։

Գորգիսյանը պնդում է՝ Փաշինյանը քաղաքական ջրի երեսին մնալու համար պատրաստ է կրկին վտանգել Հայաստանի անվտանգությունը։