Բացել լրահոսը Փակել լրահոսը
manramasner-noyemberyani-tarac-n199599-1
A A
Հասարակություն

Մանրամասներ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում արձանագրված աղիքային ինֆեկցիայի մասին

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել առ այն, որ 2020
թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:
 
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հանյտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:
 
Այս պահին հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 6 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղյուրի ջուրը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին, ինչպես նաև հայտնաբերվել են ջերմակայուն կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի աղտոտվածության մասին:
 
Այս պահին նշված աղբյուրի ջրամատակարարումը դադարեցված է, աղտոտման պատճառների հայտնաբերման նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են: Համայնքապետարանի կողմից պլանավորվում է իրականացնել նաև ջրամատակարարման կառույցների ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո ջուրը կենթարկվի կրկնակի լաբորատոր հետազոտության հետագա օգտագործման հարցը որոշելու նպատակով:
 
Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերին, իսկ նշված բնակավայրերում բնակիչների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ: