Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Պատերազմի ազդեցությունը դեռ չենք զգացել և այն կզգանք տարեսկզբին․ քննարկում (տեսանյութ)

«Տարին փակում ենք 8,5- 9,2 տոկոս անկման պայմաններում, սակայն, ըստ իս,  շատ լուրջ անկում կլինի ներմուծման ոլորտում, իսկ արտահանման ոլորտում կա անկում ու այդպես էլ կշարունակվի»,-տարին ամփոփելով ասում է տնտեսագետ  Տիգրան Ջրբաշյանը։

Նրա խոսքով՝ հասարակությունը դեռ չի ընկալում այն լրջագույն մարտահրավերները, որոնք այս տարվա զարգացումները կունենան մեր տնտեսության վրա։

Նա նշում է, որ այս պահին մենք չունենք որևէ ոլորտ, որտեղ չենք ունենա լրջագույն ճգնաժամ․ «Մենք ունենք լուրջ մարտահրավեր 2022-23թթ, երբ աննախադեպ կտրուկ աճելու է կենսաթոշակային տարիքում գտնվող բնակչության քանակը, որի արդյունքում ծանրաբեռնվածությունը, եթե հաշվի առնենք նաև աշխատաշուկայում նվազման միտումները բերելու է ծանրագույն իրավիճակի մեր սոցիալական ոլորտը․  բյուջետի տեսակետից մենք ունենալու ենք դեֆիցիտ»,-ասում է նա։

Հաշվի առնելով երկրում տիրող անվստահությունն ու անորոշությունը և անվտանգության սպառնալիքը՝ Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ հնարավոր է  նաև կապիտալի արտահոսքի ֆենոմեն ունենանք։

 «Հնարավոր է, որ արտագաղթի լուրջ աճ ունենանք, որը էլ ավելի կխորացնի թե մարդկային ռեսուրսի վրա ազդեցությունը, թե մյուս կողմից կապիտալի արտահոսքի մեծանալու

Ջրբաշյանի խոսքով՝ հասարակությունը և տնտեսական իշխանությունները չեն կարողանում արձագանքել այն մարտահրավերներին, որոնք դեռ առջևում գոյություն ունեն։

Համաձայնելով Տիգրան Ջրբաշյանի հետ՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ավելացնում է, որ այս ամենի պատճառը եղել են տնտեսության մեջ մեծ խաղացողները, որոնք այս անորոշությունների հետ կապված որոշակի գումարներ են դուրս հանել․ «Մի քանի խոշոր ընկերություններ, մի քանի բանկերից տարբեր առիթներով, տարբեր երկրներից ներդումների սպասելիքով կամ ներդրումներ անելու ցանկությամբ գումարներ են դուրս հանել, որն էլ այդ շուկայում որոշակի աժոտաժ է առաջացրել։ Հիմա կենտրոնական բանկը, ի վերջո, որոշեց խառնվել, վերաֆինանսավորման տոկոս բարձրացրեց, իրեն ապահովագրեց, ինչը որոշակի խնդիրներ էլ կառաջացնի բանկային համակարգում ընդհանրապես ներդրումների առումով, բայց, ըստ իս, մենք հատկապես ֆինանսական շուկայում ուզում ենք չափից դուրս զգույշ լինել, որովհետև պետք է խոստովանել, որ մնացած բնագավառներում մենք այլևս տրամաբանություն չունենք»,- ասաց Խաչատրյանը։

ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ նշում է, որ սկզբունքորեն սա բնական ռեակցիա է այն ամենին, ինչ տեղի է ունենում  ու այն քայլերը, որ կենտրոնական բանկն է անում, ինչ-որ տեղ երևի նոր նախահագի մոտեցումներն են ու սկզբունքորեն ճիշտ են․ «Ըստ իս ճիշտ է, որ չպետք է թույլ տալ սպեկուլյատիվ գրոհներ, ես համաձայն եմ պրն Խաչատրյանի երեկվա հայտարարության հետ և խոշոր խաղացողները ի վիճակի են հաշված օրերի ընթացքում դեստաբլիզացնել Հայաստանի ֆինանսական շուկան ու պարզապես փլուզել դրամը, եթե համապատասխան քայլեր չլինեն»,- ասաց նա։

Ըստ Մարգարյանի՝ դրամի արժեզրկման հարցում մեծ դեր են խաղացել արտաքին ազդակները և կենտրոնական բանկը այս իրավիճակում չի կարող մնալ մի կողմ քաշված։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ ավելացնում է, որ դրամի որոշակի արժեզրկում սպասելի էր՝ հաշվի առնելով տեղի ունեցած զարգացումները, բայց ոչ այս ծավալի․ «Ըստ էության մենք պատերազմի ազդեցությունը դեռ չենք զգացել և այն կզգանք տարեսկզբին»,-ասաց նա։

Իրավիճակից դուրս գալու համար մասնագետները կարևորում են սկզբնական շրջանում հասկանալ կորուստների չափերը ու դրանց ազդեցությունը՝ բոլոր ոլորտներում ու հասկանալ դրանց հետևանքները։