Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քննական» պաստառներ

Հասարակություն

Այսօր Երեւանի Կենտրոնի պատերին հայտնվել էին պաստառներ` ուղղված Գնահատման եւ թեստավորման կենտրոնի դեմ:

«Հայոց լեզվի քննությունները հայ երեխաների մեջ ատելություն են սերմանում հայոց լեզվի նկատմամբ: Ո՞րն է նպատակը», «Ստուգեք մեր գիտելիքները գրականությունից, այլ ոչ թե մեր ծնողների գրպանի պարունակությունը», հայտարարել էին պաստառների հեղինակները,որոնց ինք նությունը մեզ չհաջողվեց պարզել:

Մեկնաբանություն տալ ԳԹԿ-ն չցանկացավ: «Այդ պաստառները ավելի շատ հասարակական մեղադրանքներ, հասարակական հնչողություններ են, ԳԹԿ-ն քաղաքական կառույց չէ, որ պատասխանի նմանատիպ բաների»,- բացատրեց կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Այսօր են հրապարակվել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննության արդյունքները: Դիմորդները քննությունը հանձնել էին հունիսի 4-ին: Արդյունքները կարելի է բողոքարկել 24 ժամվա ընթացքում:

«ԳԹԿ-ն դրանից հետո նոր միայն կստանա այն բողոքները, որոնք ներկայացնելու են շրջանավարտները եւ կհրավիրվեն բոլոր մասնագետները` մասնագիտական քննարկման: Այդ ընթացքում իրենք հանգում են մասնագիտական քննարկման, փոխանցում են բողոքարկման հանձնաժողովին եւ ըստ այդմ էլ` լինում են բողոքարկման պատասխանները»,- ասաց Գայանե Մանուկյանը:

Ի դեպ, պաստառներից մեկը ուներ այս բովանդակությունը. «Գնահատման եւ թեստավորման կենտրոն Գոհարի արյունը ձեր գլխին է ընկնում»:

ԳԹԿ-ի ներկայացուցիչը չմեկնաբանեց` հիշեցնելով, որ դեռ նախաքննություն է ընթանում:

Երեւանի թիվ 12 դպրոցի շրջանավարտ Գոհար Մարտիրոսյանը ինքնասպան էր եղել քննությունից մի քանի ժամ հետո:

Նախնական տվյալներով` նա հավաքել էր 7.5 բալ: