Բացել լրահոսը Փակել լրահոսը
zam1
A A
Քաղաքականություն

Իրանում կախաղան հանվեց «Ամադ նյուզ» թելեգրամի ալիքի հիմնադիր-տնօրենը․ Առավոտ

Երեկ՝ շաբաթ, 12 դեկտեմբերին Իրանում կախաղան հանվեց իշխանությունների համար մղձավանջ դարձած «Ամադ նյուզ» թելեգրամի ալիքի հիմնադիր-տնօրեն Ռուհօլլահ Զամը: «Ամադ նյուզ»-ը ղեկավարվում էր Ֆրանսիայից, հիմնադրվել էր 2015 թվականին, որպես ընդդիմադիր լրատվական միջոց խստորեն քննադատում էր Իրանի իշխանություններին:

Լրատու այս ցանցի աստեղային ժամը 2017 թվականն էր, երբ ներկայացնում էր Իրանի ցույցերի և արյունալի բախումների մանրամասներն ու զայրացնում էր Իրանի իսլամական պետության ղեկավարներին: Այդ օրերին թելեգրամի այս ալիքն օրական երկու միլիոն դիտորդ ուներ, և Իրանի իշխանությունները թելեգրամի ալիքն ամբողջությամբ արգելափակելով հանդերձ չկարողացան դրա մերկացումների դեմն առնել:

Ռուհօլլահ Զամի հիմնադրած ԶԼՄ-ն կապել են Թուրքիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և անգամ Իրանի հատուկ ծառայությունների անվան հետ: Նրան մեղադրում էին Իրանի թշնամիներից ֆինանս ստանալու և նրանց համար լրտեսություն անելու համար:

Իրանի հատուկ ծառայություններն անցյալ տարվա սեպտեմբերին հաջողեցին Ռուհօլլահ Զամին Փարիզից խաբկանքով հրավիրել Բաղդադ, ապա Իրաքի իշխանությունների թողտվությամբ նրան փոխադրեցին Իրան: Ռուհօլլահ Զամին դատեցին հեղափոխական դատարանում, դռնփակ նիստով, առանց փաստաբանի ու առանց լրագրողների ներկայության: «Մահապատժի դատավոր» անունը կրող դատավոր Սալավաթիի վճռով թելեգրամի ալիքի հիմնադիր-տնօրենն անցած հոկտեմբեր ամսին մահվան դատապարտվեց և դատավճիռն ի կատար ածվեց ընդամենը երկու ամիս հետո:


Փորձագետների կարծիքով Իրանը, մահապատիժների նախորդ փորձը նկատի ունենալով, դա կատարեց խիստ հապճեպորեն, քանի որ մտահոգ էր դրա ներքին ու արտաքին արձագանքներից և հավանական խանգարումից: Ճակատագրի դառը հեգնանք. մահապատժի ենթարկվածը կրում էր Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Ռուհօլլահ Խոմեյնու անունը, ծնվել էր հեղափոխության տարում (1978) և Զամի հոգևորական հայրը՝ Մուհամմադ Ալի Զամը, անձամբ էր խնդրել հեղափոխության առաջնորդին՝ անվանակոչության և օրհնանքի համար: Մուհամմադ Ալի Զամը Իրանի իսլամական քարոզչության հաստատության արվեստի բաժնի պատասխանատուն էր և մոտ կապեր է ունեցել երկրի ղեկավարների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով