Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ․Դադիվանքի վանահայր (տեսանյութ)

Ազատության հրապարակում մեկնարկել է 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը ստեղծել են «Հայրենիքի փրկության շարժում», որն էլ վարչապետի միասնական թեկնածու է առաջարկել Վազգեն Մանուկյանին։

Ըստ «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության՝ Վազգեն Մանուկյանը կլինի ժամանակավոր վարչապետ, մեկ տարի անց տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցի:

Վազգեն Մանուկյանն այսօր ներկայացնելու է իր ծրագիրը։

Մինչ հանրահավաքի մեկնարկը՝ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին  պատերազմում նախատակվածների հիշատակը, այնուհետև ելույթ ունեցավ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Վերջինս աղոթքով սկսեց այսօրվա հանրահավաքը, ապա հայտարարեց՝ շատ տխուր է․

«Տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխուր եմ նրա համար, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ։ Կարո՞ղ եք ասել՝ պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք, հպարտությունը մեծ մեղք է, այսօր բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում՝ հպարտ քաղաքացիներ, բայց մենք կորցրել ենք մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողել ենք այնտեղ, բայց մեզ հպարտ քաղաքացի ենք համարում»։

Կռվելու ցանկություն ունեցողներին վանահայրը հորդորեց հավաքվել և գնալ այնտեղ, որտեղ պետք է կռվել՝ սահմանին, որտեղ թշնամիներն են սպասում․

«Այսօր Դադիվանքի պարսպի պատի տակ թուրքն է քայլում, այսօր դրա մասին պետք է մտածել, պետք է հզորանալ մեր հավատքի ու սիրո մեջ։ Սկսեցինք պարտվել, երբ սկսեցին ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սևեր , սպիտակներ, արցախցիներ, հայաստանցիներ, մենք պետք է ապաշխարենք»,-եզրափակեց վանահայրը։