Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարինե Դիլբարյան
A A
Քաղաքականություն

Կան քաղաքական դեմքեր, որոնց համար իշխանությունը կարող է ժամանակավոր նվիրում լինել․ Ն․ Դիլբարյանը՝ Վ․ Մանուկյանի թեկնածության մասին

«Ես կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, որը կարող է իրականացնել որոշակի ծրագիր, բայց այս պարագայում, իհարկե, կարևորը թիմն է և ճանապարհային քարտեզը»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը․

«Քանի որ իմ ուսանողությունը և Արցախյան պատերազմը անցել է Վազգեն Մանուկյանի գաղափարախոսության և նրա գործունեության ողջ ընթացքում, ես եղել եմ նրա ընտրողը, գիտեմ, թե ինչպես նրա հաղթանակը վերցվեց իր ձեռքից, գիտեմ իր ներդրումը Հայաստանի ինքնիշխան պետության կայացման գործում և Արցախյան նախորդ պատերազմում, որը մենք հաղթանակով էինք ավարտել»։

Դիլբարյանը հավելեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս քննարկումների փուլում է, դեռ վարչության նիստ չեն ունեցել, կուսակցության դիրքորոշումը հայտնի կլինի վաղը։

Ինչ վերաբերում է փաստին, որ կուսակցությունները հայտարարեցին, թե առաջիկա արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանն իր թեկնածությունը չի առաջադրի, Դիլբարյանն ասում է՝ դա այս պահին համախմբող գործոն է․

«Դա ցույց է տալիս, որ աթոռակռիվ չէ, այսինքն՝ այն, ինչում մեղադրում են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, ցույց  է տալիս, որ խնդիրը միայն պաշտոնը չէ, ես ուրախ եմ, որ Հայաստանում կան քաղաքական դեմքեր, հանրային ճանաչում ունեցող անձինք, որոնց համար իշխանությունը կարող է ժամանակավոր նվիրում լինել և ոչ թե հավերժ աթոռի համար կռիվ, չնայած՝ ինձ թվում է՝ աթոռակռիվ  այն քաղաքական ուժն է վարում, որը պարտությունից հետո չի ուզում իր լծակնեը զիջել և միայն արդարացումներ է փնտրում»։ 

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել և որոշում կայացրել վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։