Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շադունց
A A
Քաղաքականություն

Ինչու են ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել սյունեցի դիրքապահներին

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին  մի քանի հոգի ադրբեջանցի զինվորական  սպիտակ դրոշով մոտեցել են հայկական  դիրքապահներին ։

  Այս մասին  «Ա1+»-ին տեղեկացրեց  Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը․  «Իրենք իրենց զորքը թողել են իրենց կողմում գտնվող գյուղում, եկողները մի քանի հոգի էին։ Սպիտակ դրոշով մոտեցել են մեր տղաներին։ Մենք կանգնած ենք հենց սահմանագծին, իրենք էլ եկել ու հարցնում էին, թե բա մենք որտեղ կանգնենք։ Հետո առաջարկել են իրար հետ կանգնելու տարբերակը, մերոնք էլ մերժել են ու բացատրել, որ հնարավոր չէ նման բան»։

Ներսես Շադունցն ասում է, որ դիրքապահները տեղեկացրել են իրեն։

«Տղաները կապ են հաստատել ինձ հետ, ասել են, որ տենց բան է եղել, ես էլ ասել եմ մենք մեզ սյունեցիների պես պիտի պահենք, անգամ գետնին ընկած քարերը չեն տեղաշարժվելու, դիրքը պահեն,  ոչ մի քայլ հետ չգնան», - ասում է Ներսես Շադունցն ու հավելում, որ ընդհանուր քննարկումն անցել է հանգիստ ու առանց որևէ վեճի։

Ըստ նրա՝  այս պահին տղաներն իրենց տեղում են, վիճակն էլ հանգիստ է։

Ներսես Շադունցի խոսքով՝  ադրբեջանցի զինվորականների  հետ   Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որը տվյալ ջոկատի հրամանատարն է, բանակցել է ադրբեջաներեն։